1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը. ևս 5 անձ ձերբակալվել է
17:58 - 01 դեկտեմբերի, 2023

1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը. ևս 5 անձ ձերբակալվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող Հ. Ղ.-ի կողմից մի շարք անձանցից տարբեր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն»  գերեզմանատանը վերջիններիս ազգականներին հուղարկավորելու նպատակով նախընտրելի տարածքներում գերեզմանատեղիներ տրամադրելու համար, 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում միջնորդների միջոցով և գերեզմանատան բանվոր Ն. Վ.-ի օժանդակությամբ վերը նշված երեք անձանցից ստացել է համապատասխանաբար 500.000, 200.000 և 600.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով 30.11.2023 թվականին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ գերազմանատան վարիչը:

Նույն օրը Հ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հ. Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Եվս 5 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու և  կաշառքի միջնորդություն կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել