Այս տարի կառավարության շենքի դիմաց խաղողագործները բողոքի ցույցեր չարեցին։ Նրանցից ոմանք արդեն գործուն քայլեր են ձեռնարկել. քանդում են իրենց խաղողի այգիները, քանի որ մթերման ներկայիս ցածր գնով խաղողագործությամբ զբաղվելը ձեռնտու չէ։
Հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում էինք՝ Համոյի այգում։ Համոն ընտանիքի անդամների և հարևանների հետ խաղող էր հավաքում։ Իր խաղողի այգին հիմնել է 2004 թվականին, ընտանիքով խաղողագործությամբ են զբաղվում։ Աճեցնում են մեղրաբույր տեսակի խաղող։ Մեկումեջ մեղրաբույրի տնկարկների մեջ նկատվում են նաև սպիտակ խաղողներ. «Դրանք փոշոտման համար են»,- նշում է Համոն։
Երբ հասանք, կեսօրն անց էր, բեռնատարն արդեն լիքն էր խաղողի ողկույզներով, վերջին դույլերն էին դատարկում։ Հավաքված խաղողի կիլոգրամը 110 դրամով հանձնելու են «Վեդի Ալկո» ընկերությանը։
Համոյի համագյուղացին՝ Զաքարը, մեղրաբույր խաղողով լի դույլերն է դատարկում բեռնատարը։ Նա նույնպես խաղողագործությամբ է զբաղվում, ինչպես գրեթե բոլոր քաղցրաշենցիները։
«Ես խաղողագործությամբ զբաղվում եմ 2008 թվականից, Ռուսաստանից եկել, այգի եմ հիմնել։ Ամենաթանկը, որ հանձնել եմ, եղել է 110 դրամը [1կգ-ի դիմաց,- հեղ.], նախորդ տարիներին հանձնել եմ 60, 80, 90 դրամով»,- ասում է Զաքարը։
Խաղողագործներն ասում են, որ մթերման 110 դրամը նույնիսկ խաղողի ինքնարժեքը չի ծածկում, և խաղողի այգի ունենալը ձեռնտու չէ։
Զաքարի կարծիքով այս տարի միակ դրական փոփոխությունը, որ արվել է, խաղողագործների հերթագրումն է եղել. «Համայնքապետարանից եկել, հերթագրել են, օրինակ իմ հանձնելու օրը 14-ն է, ես արդեն պայմանավորվել եմ բանվորի, ավտոյի հետ։ Առավոտը կքաղեմ, իրիկունը կտանեմ, կհանձնեմ։ Գումարն էլ պայմանագրով նշված է՝ մի տարվա մեջ կտան։ Հարցը դրանում չի, կարևորը ես կիմանամ, որ չեմ սպասում օրերով գործարանների դիմաց, իմ բերքը չի թթվում։ Դրանք սաղ անհարմարություններ են գյուղացու համար»,- ասում է Զաքարը։
Բեռնատարն արդեն լիքն է, խաղող հավաքող կանայք և տղամարդիկ նստում են իրենց մեքենաները և շարժվում։ Շուտով խաղողից ճկված բեռնատարը ճանապարհ է ընկնում և դանդաղ ընթացքով անհետանում, իսկ մեր նկարահանող խումբն ուղևորվում է Արմավիրի մարզի Այգեզարդ գյուղ, որտեղ մեզ սպասում է խաղողագործ Ջահանգիրը։
Արմավիրի մարզում 2020-2022 թվականներին 500 հա խաղողի տնկարկ են քանդել
Ջահանգիրի այգին հենց գյուղի հարևանությամբ է, բայց մինչև այնտեղ հասնելը՝ անցնում ենք համագյուղացիների խաղողի այգիների մոտով և նկատում, որ մի քանիսն արդեն սկսել են քանդել տնկարկները։
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականից հետո Արմավիրի մարզի խաղողի այգիների մակերեսը 500 հա-ով փոքրացել է, քանի որ գյուղացիները քանդել են դրանք։
Ջահանգիրը պատմում է, որ բերքի 30%-ը հանձնել է «Սպայկա» ՍՊԸ-ին՝ 200 դրամ/կգ գնով, իսկ մնացածը հանձնելու է «Շահումյան-վին» գինու գործարանին՝ 110 դրամով։
Ջահանգիրն իր այգին քանդել չի ցանկանում, բայց մթերման գներից դժգոհ է. «Ծախսերը չի հանում։ 150 հազար մենակ թույնին պետք ա տամ։ Մոտ 90 հազար պետք ա ջրին տամ։ Թաղենք, հանենք, կտրենք, կապենք, սաղ փող ա։ Նենց որ տակը բան չի մնում, բայց դե ճարահատված ժողովուրդն ինչ անի, անում են»,- ասում է Ջահանգիրը։
Նրա այգու բերքահավաքը հոկտեմբերի 10-ին էր. այդ օրը նույնպես Այգեզարդ գնացինք։ Խաղող հավաքելուն օգնում էին նաև նրա հարևանները, որոնք նույնպես խաղողի այգիներ ունեն։ Խաղողագործները մեզ հետ զրույցում ասացին, որ խաղող աճեցնելը դարձել է նախասիրություն, ոչ թե եկամտաբեր բիզնես։
Ի՞նչ գործոններ են ազդում խաղողի մթերման գնի անկման վրա
Էկոնոմիկայի նախարարությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ խնդիրն ի հայտ է եկել 2020 թվականից։ Ըստ նախարարության՝ պատճառներից մեկը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների նվազումն է։ Եթե 2019 թվականին արտահանվել է 14.5 մլն կոնյակի սպիրտ, ապա, 2022-ին՝ ընդամենը 3.3 մլն լիտր, որի արդյունքում մթերող ընկերություններում մեծ քանակությամբ կոնյակի սպիրտ է կուտակվել։
«Մթերվող խաղողի ամբողջ ծավալի շուրջ 90%-ն ուղղվում է կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրությանը, իսկ միայն վերջին 3 տարիներին մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտի առկա մնացորդները կազմակերպություններում ավելացել են շուրջ 40 մլն բացարձակ լիտրով։ Արդյունքում խաղողի նկատմամբ պահանջարկը նվազել է, որն էլ հանգեցրել է գների իջեցմանը»- նշված է Էկոնոմիկայի նախարարությանն ուղղված մեր հարցման պատասխանում։
Բացի արտահանումը՝ մթերման գնի անկման պատճառներից մեկն էլ, ըստ նախարարության, լոգիստիկ խնդիրներն են, որոնք պայմանավորված են փոխարժեքի տատանումներով։ «Հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետի հետ կապված լոգիստիկ խնդիրներով, ՌԴ և ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումներով, դրամի արժեզրկմամբ, արտահանված ապրանքների դիմաց ստացվող արտարժույթը ՀՀ դրամով փոխանակելու ժամանակ առաջացող զգալի վնասներով պայմանավորված՝ առաջացել է խաղողի մթերման գների և խաղողի արտադրության շահութաբերության նվազում» - պարզաբանում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Արտահանման խնդիրներին բախված կազմակերպություններից է «Սամկոն» կոնյակի գործարանը, որը այս տարի մթերումն իրականացրել է 90 դրամ/կիլոգրամ գնով։ Գործարանից հայտնում են, որ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը և ռուբլու արժեզրկումը մթերումն իրականացրել են կիլոգրամի համար վճարելով 130 դրամ։
«Մեր արտադրանքը հիմնականում արտահանվում է դեպի Ռուսաստան, իսկ մեր ռուս գործընկերները չհամաձայնեցին գին բարձրացնել։ Օրինակ 110 դրամի դեպքում մեր ինքնարժեքը շատ բարձր էր լինում, մենք չէինք կարող այդ գնով վաճառել, քանի որ գինն ինքնարժեքից ցածր էր լինելու»,- հիմնավորում են «Սամկոն» ընկերությունից։
Կառավարության վարկերի սուբսիդավորման ծրագիրը արդյունավետ չէ փոքր գործարանների համար
2019 թվականից գործում է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որով կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վերցված վարկերի տոկոսները։ Այդ վարկերը տրամադրվում են 1 տարի ժամկետով։ 2023 թվականին որոշման մեջ փոփոխություններ են արվել և մարման ժամկետը երկարաձգել են՝ դարձնելով 3 տարի։
«Սամկոն» ընկերությունից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ չեն դիմել սուբսիդավորման ծրագրին, քանի որ այն արդյունավետ չէր։
«Վարկը ձևակերպելու համար գրավ էր անհրաժեշտ, որը մենք չունեինք։ Բացի այդ՝ ծրագիրը ֆինանսավորում է 5000 տոննայից ավել մթերված խաղողի տոկոսները, պարտադիր պայման է նաև, որ մթերվող խաղողը ամենաքիչը 110 դրամ/կիլոգրամ գին ունենա։ Եթե մենք մթերել ենք 15 000 տոննա խաղող և սուբսիդավորված տոկոսները բաժանենք մթերված բերքի ընդհանուր գումարին, ստացվում է, որ սուբսիդավորվում է միայն 10 դրամը, իսկ 100 դրամով մթերումը մեր ընկերության համար թանկ էր»,- պարզաբանում է «Սամկոնի» ընկերության հաշվապահ Արթուր Դավթյանը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ բացի վարկերի սուբսիդավորման ծրագրից՝ կառավարության կողմից քննարկվում է Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների նախագիծը, որի շրջանակներում պլանավորվում է գործարկել Խաղողի ռեեստրը։
Խաղողի ռեեստրը՝ որպես խնդրի լուծում
Դեռևս 2017 թվականին Ազգային Ժողովի նիստերից մեկում գյուղատանտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խոսել էր խաղողագործների ռեեստր ստեղծելու գաղափարի մասին։
2020 թվականից գաղափարի իրականացման համար աշխատանքներ է սկսել Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։ Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը պատմում է, որ չնայած համավարակի, ապա նաև պատերազմի բարդություններին՝ իրենք կարողացել են քարտեզագրել Հայաստանում խաղողի տնկարկները։
«Մոտավորապես 75% ճշգրտությամբ տվյալները հավաքագրված են, մնացածը կապված էր այն հանգամանքով, որ ֆերմերներից շատերը չեն ուզել տվյալներ փոխանցել, շատերը երկրում չեն եղել, հնարավոր չի եղել իրենց հետ կապ հաստատել։ Կարծում եմ 75%-ը բավարար է, որ մենք ընթացք տանք հաջորդ փուլին, հետագայում՝ [ռեեստրի,- խմբ.] ստեղծվելուց հետո, արդեն մենք անընդնհատ թարմացնելու ենք այն, նաև մնացած մասը, որը բացակայում է, կավելացնենք։»,- նշում է Զարուհի Մուրադյանը։
Խաղողի ռեեստրում պետք է գրանցված լինեն բոլոր խաղողագործները։ Նրանք, ըստ նախագծի, ունենալու են իրենց անձնական էջերը, որտեղ էլ ավելացնելու են իրենց այգու մասին ինֆորմացիան։
Այս պահին մրցույթ է հայտարարված՝ տեխնիկական առաջադրանքը կատարող կազմակերպություն գտնելու համար։ Զարուհի Մուրադյանը կարծում է, որ 2024 թվականին արդեն կգործարկվի ծրագրի պիլոտային տարբերակը, և մթերումը հենց ծրագրի միջոցով կիրականացվի։ Պիլոտային ծրագիրը գործարկվելու է միայն մեկ տարածաշրջանում, արդյունքներից կախված՝ արդեն 2025 թվականին այն կգործարկվի ՀՀ բոլոր մարզերում։
«Պիլոտային ծրագրին զուգահեռ արդեն կսկսենք օրենքի մշակման նախագծերը։ Ռեեստրի ստեղծումից հետո ոլորտը բերելու ենք օրինական դաշտ և հետագծելիությունն ուսումնասիրելով՝ կկարողանանք լուծել նաև ոլորտում առկա խնդիրները»,- հույս է հայտնում Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենը։
Հիմնադրամը այս ընթացքում դասընթացներ է անցկացրել և գինեգործների, և խաղողագործների շրջանում։ Ծրագրում են նաև համայնքապետարանի աշխատակիցներին վերապատրաստել, որոնք էլ պետք է անհատապես տնտեսվարողներին օգնեն գրանցվել և տվյալները թարմացնել։ Կայքում, ըստ Զարուհի Մուրադյանի, լինելու է խաղողի այգու անձնագիրը. ինչ տեսակի և որքան խաղող կա այգում, ինչքան է այգու բերքատվությունը, մակերեսը և այլն։ Գինեգործներն էլ, մտնելով կայք, կարող են տեսնել իրենց անհրաժեշտ խաղողը որտեղ է աճում և պայմանավորվածություններ ձեռք բերել խաղողագործների հետ։
Համակարգում պետք է գրանցված լինեն ոչ միայն ոգելից խմիչքների պատրաստման համար խաղողի սորտեր աճեցնող տնտեսվարողները, այլև սեղանի սորտերի վաճառքով զբաղվողները։
Ըստ Զարուհի Մուրադյանի՝ անկախացումից հետո Հայաստանում հողակտորները բաժանվել և սեփականաշնորհվել են, և այսօր 14000 հա խաղողի այգիները պատկանում են 17000 տնտեսվարողի։
«Եթե կարողանանք կոոպերատիվներ ստեղծել, օրինակ, միավորվեն և բոլորի մոտ ներդրվի կաթիլային ոռոգման համակարգ, բոլորը օգտվեն նույն ջրավազանից և սարքավորումներից, ոռոգման խնդիրը կարող ենք լուծել։ Այդ սկզբունքով էլ կլուծվեն նաև այլ խնդիրներ»,- կարծում է Զարուհի Մուրադյանը։
Ջուլիետտա Հովհաննիսյան
Օպերատոր՝ Սարգիս Խարազյան
Մոնտաժը՝ Ռոման Աբովյանի
comment.count (0)