Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան: Սակայն, Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում:
Ներկայացվում է 2017թ. նամակագրությունից մեկ հատված:
Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից:
ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ «Ինֆոքոմն» երեկ այցելել էր Երեւանի Կոմիտասի 5Ա հասցե եւ համեմատել տեղանքը տեսանյութի կադրերի հետ։ Ինֆոքոմը հրապարակել էր լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, որ տեսանյութում առկա կադրերը չեն համապատասխանում բակի ու շենքի ներկայիս տեսքին։
comment.count (0)