Երեկվանից Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:
Հարցուպատասխանից և ելույթներից հետո հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը եզրափակիչ ելույթ ունեցավ։
«Երկու կարեւոր արձանագրում եմ ուզում անել․ առաջինը՝ թույլ տվեք որպես քաղաքացի պահանջ հնչեցնել երկու քաղաքական ուժերին (ՔՊ և «Հայաստան» դաշինք՝ խմբ․), անհատներին․ ես երեկ նշեցի, այսօր ընդգծված կրկնում եմ՝ ես իմ գործունեության ամբողջ ժամանակահատվածում եղել եմ անկուսակցական, ապաքաղաքական անձ եւ անկախ քաղաքական շահերից՝ պահանջում եմ ինձ այլ կերպ բնութագրելու եւ թիրախավորելու բոլոր տեսակի միտումները դադարեցնել՝ նաեւ անհատների կողմից։ Տիկին Տիգրանյան (պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան՝ խմբ․), Դուք ինձ նոր չեք ճանաչում, բայց, ցավում եմ, որ ինձ զգուշացնում եք, որ ընդդիմության կողմից իմ վերաբերյալ ասված խոսքերը կարող են ինձ վնաս պատճառել։
Երկրորդը՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր չի մնացել առաջին անգամ, եւ մնացած բոլոր տեսակի գնահատականների, փաստերի անդրադարձից առաջ ուզում եմ հարց հնչեցնել՝ այս նույն ԱԺ-ի կողմից երեք տարի պաշտոնավարումից հետո ընտրված թեկնածուի հարցադրումների վերաբերյալ։
Տիկի՛ն Կարապետյան (պատգամավոր Մարիա Կարապետյան՝ խմբ․), Դուք էդ հարցերը տվե՞լ եք էդ նույն անդամին, ով հանդիսացել է հենց էդ նույն աշխատանքի տեսանկյունից էդ համակարգող պատասխանատու անդամը, Դուք էդ հարցերի պատասխանն ստանալուց հետո փորձե՞լ եք ճշտել, թե էդ դեպքում եթե ես ինքս՝ որպես Հանձնաժողովի նախագահ, էդ աստիճանի գերակա ազդեցություն ունենալով, գործունեություն էի շարունակում, բա թիմի, քաղաքական թիմի եւ նույն կառավարության համար երկու տարի առաջ վտանգ չէի՞, էն գործողությունները, որոնք վերագրվում են ինձ, իրականացվել են բացառապես պաշտոնապես, իրականացվել են քվեարկության ու Հանձնաժողովի կոլեգիալ մարմնի կողմից կայացված որոշումներով։
Երկրորդ արձանագրումը նույն խնդրի վերաբերյալ, նույնիսկ գույքային դրության վերաբերյալ խնդիրները համարժեք են եղել նաեւ մյուս թեկնածուի առնչությամբ։ Հրապարակային են եղել նիստերը, ուստի առաջարկում եմ բոլորին նորից ծանոթանալ եւ ինքներդ գնահատել, արդյոք սա հավասար մոտեցո՞ւմ է, թե իսկապես այն, ինչից նաեւ դուք եք նեղանում, հանրային նաեւ հասարակական պահանջներից, արդարացված է»,- հայտարարեց Հարությունյանը։
Այնուհետև նա առանձին անդրադարձավ պատգամավորների ելույթներին և անհատապես պատասխանեց նրանց բարձրաձայնած հարցերին։
«Ի՞նչ տեղի ունեցավ այս երկու օրերի ընթացքում։ Պարո՛ն Աղաջանյան (պատգամավոր Էդուարդ Աղաջանյան՝ խմբ․), Դուք ճիշտ եք ասում, Հանձնաժողովի գործունեության կամ իմ վերաբերյալ որեւէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, եւ ես հղում չեմ անում պարոն Մինասյանին, որպեսզի նորից փորձերը ինձ քաղաքականացնելու, չկրկնվեն։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ, հիմա ես՝ փաստերով։
Փաստ համար մեկ, եւ սա ընդգծված եմ ասում․ ինձ հետ համատեղ բնակվող անձանց հայտարարագրերը թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակով ներկայացված են եւ հասանելի, ավելին, դրանք վերլուծված են Հանձնաժողովի կողմից։ Բոլոր նրանք, ովքեր կասկածում են, գործընկերներից մեկը երեկ Հանձնաժողովի կայքին բավականին լավ ծանոթացել էր, առաջարկում եմ նրանից խորհրդատվություն ստանալով գտնել եւ կարդալ, որպեսզի այս երկու օրերի ընթացքում նույն հարցն ավելի քան յոթ անգամ հնչեցնելով, տարբեր ելույթներում էդ տեսակի վարքագծի մասին հարցեր բարձրացնելով պատրանքային տպավորություն չստեղծվի, թե դա իմ բարեվարքության խնդիրն է, որով ես ԿԿՀ նախագահումը թերի կերպով եմ իրականացրել։
Բացի դրանից՝ խնդրում եւ պահանջում եմ սա երրորդ անձի անունից՝ իմ քրոջ վերաբերյալ ձեր հայտարարություններում եւս զգույշ եղեք։ Իմ քույրը երբեւէ Հանձնաժողովի կողմից ֆինանսավորված որեէ գործարքի եւ գործողության մասնակից չի եղել, սրանում կասկածողներն էլ հնարավորություն ունեն կոնկրետ կազմակերպություններից տվյալներ ճշտելու։
Երկրորդ փաստ․ պարոն Խանդանյան (պատգամավոր Սարգիս Խանդանյան՝ խմբ․), լա՛վ է, որ Հանձնաժողովի կայքն էդ աստիճան ուսումնասիրել եք, հաշվետվողականության հարց եք բարձրացնում, բայց լավ չի, որ մինչեւ վերջ չեք կարդացել։ Որովհետեւ ես Ձեզ հարց ունեմ․ եթե կարդայիք, էդ հաշվետվության մեջ նշված էր մի հարց, որի պատասխանը Դուք պիտի հիմա հնչեցնեիք՝ նորից նույն ինստիտուցիոնալ մոտեցումը պահպանելով։ Հանձաժողովի կողմից ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ անհամատեղելիության եզրակացությունը ինչի՞ ուշացրած ներկայացրեք ՍԴ, հարց երկրորդ՝ ավելի քան երկու տարի Հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում ինչի՞ ԱԺ-ն այդ պաշտոնը չհամալրեց իր ընտրությամբ։
Փաստ երրորդ՝ տիկին Բադալյան (պատգամավոր Լուսինե Բադալյան՝ խմբ․), Ձեր քաղաքական հասունությունից չեմ ուզում, բայց արդեն հրապարակված տեղեկություններն օգտագործելով՝ ուզում եմ ոչ միայն ինձ, ամբողջ հանրությանը բացատրեք՝ քաղաքական հասունության ո՞ր ստանդարտով եք գնահատում իրականացնում, եւ նորից, հրապարակված տվյալներն օգտագործելով՝ ուզում եմ բացատրեք՝ էդ տվյալը օգտագործելով քաղաքական հասունության ստանդարտը ո՞նց գնահատվեց, օրինակ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, բա եթե փակ քննարկումներից նեղվում ենք, ինչի՞ չենք ուզում էդ ստանդարտի հավասար կիրառումը հասանելի, թափանցիկ դարձնել նաեւ հանրությանը։
Փաստ համար հինգ․ տիկի՛ն Ջուլհակյան (պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան՝ խմբ․), լավ է, որ իմ հայտարարագրերը փորձել էիք վերլուծել, բայց լավ չէ, որ դա արել էիք նույն լրագրողի սիրողական մակարդակով, այնինչ Ձեզ տրված էր հսկայական լիազորություն՝ ստանալ, վերլուծել, օգտագործել օրենքով սահմանված կարգով բոլոր այն տեղեկությունները, որոնք Ձեր բոլոր տեսակի կասկածները կփարատեին։
ԱԺ աշխատակազմի միջոցով մրցութային խորհուրդը Հանձնաժողովի մասին օրենքի 10-րդ հոդվածի պրիմ եւ տասներորդ մասի համաձայն՝ պարտավոր էր ներկայացնել այն տեսակի եզրակացություն, որը ներկայացնում է Հանձաժողովը մնացած բոլոր թեկնածուների վերաբերյալ, եւ Ձեր գործընկերոջ այն հարցադրումն ինձ, թե ինչու նույն օրինակ Ինֆոքոմի հրապարակած հոդվածն այդտեղ տեղ չէր գտել, ես չեմ դրա պատասխանատուն, այդ եզրակացությունը կազմելու պարտավորությունը կրել է խորհուրդը։ Խնդրում եմ ներկայացնել եզրակացություն՝ ստորագրված այդ խորհրդի հինգ անդամների կողմից, եւ դա հասանելի դարձնել այդ նույն տվյալների, հնարավոր կամ ենթադրյալ շահերի բախման, հնարավոր գույքային դրության անհամատեղելիության կամ այլ հարցերի վերաբերյալ հավասարապես։ Ընդգծված կրկնում եմ՝ հղում չանել եւ չօգտագործել ԿԿՀ կողմից գույքային դրության ստուգման այն տեղեկանքը, որը կազմվել է․․․ քանի որ ԱԺ խորհուրդը բանկային գաղտնիքին հասանելություն չունի, բա մնացած տվյալների մասով, օրինակ, խորհուրդն ինչի՞ է հարցում արել ԱԱԾ-ին, եթե դրա պատասխանն ԱԺ բոլոր պատգամավորները հավասարաչափ չունեն։
Փաստ երկրորդ՝ Արուսյակ Ջուլհակյանի արած հրապարակումների մասով․ ես առաջարկեցի մինչեւ շահերի բախման մասին խոսելը առնվազն կարդալ օրենքը։ Իմ կողմից օրենսդրական նախաձեռնությամբ «հանդես գալու», որովհետեւ ես որպես սուբյեկտ եւ մարմին ներկայացնող՝ նման իրավասություն չունեմ եւ չեմ ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, բայց դրա համատեքստում կամ զուգահեռ ուզում եմ հարց տալ․ տիկի՛ն Ջուլհակյան, բա Ազգային Ժողովի պատգամավորի աշխատավարձը բարձրացնելիս ԱԺ-ի կողմից այդ նույն նախագծին քվեարկելը շահերի բախում չէ՞, կամ Վճռաբեկ դատարանի թեկնածու ԱԺ պատգամավորին քվեարկելը շահերի բախում չի՞։
Պարոն Թորոսյան (պատգամավոր Արսեն Թորոսյան՝ խմբ․), Դուք իմ հերոսը չեք եւ ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ, բայց առաջարկում եմ շահերի բախման մասին խոսելիս, ինչքան էլ էդ որոշումը ձեզ ամենաանպրոֆեսիոնալը թվա, մի հատ նորից կարդալ, եւ ինձ չէ, մնացած բոլորի համար էն հարցին պատասխանել, թե ձեր կնոջ ղեկավարած կազմակերպությունը որպես Առողջապահության նախարար Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞նց է եղել, որ պայմանագրի արժեքը մեծացրել է՝ դարձնելով մինչեւ 350 մլնից ավելի արժեքով։
Սահմանափակվում եմ փաստերի ներկայացման՝ ժամանակի տված հնարավորությամբ՝ ընդամենը արձանագրելով այս երկու օրերի քննարկման արդյունքները մեկ վերջնական նախադասությամբ․ այո՛, կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը ՀՀ ներդրվել է, ինստիտուտը կայացել է, եւ դա այն անշրջելի իրողությունն է, որը հետդարձի ճանապարհ չունի, անկախ ձեր գնահատականներից եւ ձեր վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է, եւ էդ աշխատանքը եւս որպես պատմություն խեղաթյուրել եւ շրջելի դարձնելու հնարավորություն չունի»,- եզրափակեց Հայկուհի Հարությունյանը։
comment.count (0)