armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու, հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ կանխամտածված ու հատուկ վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ՔՊ-ից հակադարձում են՝ ընդամենը ցանկանում են հասկանալ, թե իրենց ընտրած թեկնածուն ինչպես է աշխատել, քանի որ կրում են քաղաքական պատասխանատվություն:
Հայկուհի Հարությունյանի թեկնածության քննարկմանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ հանձնաժողովը որոշումներ է կայացրել իշխանական որոշ նախկին ու ներկա պատգամավորների վերաբերյալ՝ վարույթ է հարուցել: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ հանձնաժողովի աշխատանքը օբյեկտիվ է եղել, և իշխանական պատգամավորները կանխամտածված ու հատուկ վերաբերմունք են ցույց տալիս թեկնածու Հայկուհի Հարությունյանի նկատմամբ:
Ընդդիմադիր պատգամավորն այն կարծիքին է, որ իշխանությունը ցանկանում է «զավթել» այդ պաշտոնը: «Ձեր կոկորդին է մնում Հայկուհի Հարությունյանի օբյեկտիվ աշխատանքը»,-տեսակետ հայտնեց Մինասյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հիշեցրեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորել են իրենք:
«Հայկուհի Հարությունյանին ընտրել ենք մենք, օրինակ՝ ես, մեր խմբակցության պատգամավորների մեծ մասը: Հիմա ցանկացած ընտրական գործընթացի տրամաբանությամբ մենք ուզում ենք հասկանալ՝ ում որ ընտրել ենք, ոնց է աշխատել, որ իմանանք՝ ընտրե՞նք, թե՞ ոչ: Մենք դրա համար քաղաքական պատասխանատվություն ենք կրում: Ընտրող մարմինը պետք է ընտրվող պաշտոնյային հարցեր տա, մանավանդ, երբ վերընտրության հարց է քննարկվում: Եվ ասել, թե սա քաղաքական ճնշում է, քաղաքական անգրագիտության շռնդալից դրսևորում է: Ո՞նց կարելի է նման բան խոսել»,-ասաց Հայկ Կոնջորյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց քաղաքական ուժի քաղաքական հենասյուներից մեկն է, իրենց քաղաքական գործունեությունը կառուցում են դրա վրա: Նա հիշեցրեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորումից ի վեր հանձնաժողովի ֆինանսավորումը ավելացել է շուրջ 400 տոկոսով: «Չափազանց շատ ենք գնահատում այս մարմինը: Եվ այս քննարկումն էլ մեր սրտացավության դրսևորումն է: Այստեղ մենք քննարկում ենք նաև մեր ընտրությունը, նաև ինքներս մեզ: Եթե քննադատում ենք, քննադատում ենք նաև ինքներս մեզ: Դա է ժողովրդավարության դրսևորումը»,-շեշտեց նա՝ աբսուրդ որակելով տեսակետը, թե իշխանական պատգամավորներն իրենց հարցերով փորձում են ճնշել հանձնաժողովի անդամի թեկնածուին:
Կոնջորյանը շեշտեց, որ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական պատասխանատվություն կրող գլխավոր սուբյեկտն է:
Թեկնածու Հայկուհի Հարությունյանն էլ, դիմելով իշխանականներին, ասաց. «Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է, այն կայացել է: Եվ դա այն անշրջելի իրողությունն է, որը հետդարձի ճանապարհ չունի: Անկախ ձեր գնահատականներից և ձեր վերաբերմունքից՝ իմ աշխատանքը գնահատվել է: Եվ այդ աշխատանքը ևս խեղաթյուրելու և շրջելի դարձնելու հնարավորություն չկա»:
Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը:
comment.count (0)