102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին
 |factor.am|
17:26 - 11 դեկտեմբերի, 2023

102-րդ բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում անձ է ձերբակալել. Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ՀՔԱՎ դիմումին |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Հելսինկյան ասաբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության դիմումին։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Դատախազությունից։

2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգ էր ստացել, որ ՌԴ քաղաքացի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովը 2023 թվականի դեկտեմբերի 6 կամ 7-ին ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ձերբակալվել է 102-րդ ռազմական բազայի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել ռուսական ռազմական բազայի տարածք։

Ըստ ՀՔԱՎ-ի՝ Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի նկատմամբ հարուցված է քրեական գործ ՌԴ 519 ռազմաքննչական բաժնի կողմից՝ ՌԴ-ի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 5-րդ մասով, որի հիման վրա նա ենթարկվել է կալանավորման 27 օրով և պահվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

«ՀՀ տարածքում անձի անձնական ազատությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ իրավապահ մարմինների կողմից, իսկ ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցները չունեն որևէ իրավասություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ ՀՀ տարածքում, որոնք ոտնձգություն են ՀՀ-ի ինքնիշխանության և իրավական համակարգի հանդեպ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ռազմական ոստիկանության կողմից ՀՀ փաստացի իրավական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը և նրա նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը»,- նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

ՀՔԱՎ-ը հայտարարությանը կից պահանջ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանը և այլ իրավապահ մարմիններից՝ գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովին ՀՀ իրավական պաշտպանության ներքո վերադարձնելու և քրեական հետապնդման վարույթ հարուցելու ՌԴ ռազմական ոստիկանության ապօրինի գործողությունների հիմքով, որպեսզի կասեցվի Դմիտրի Լեոնիդովիչ Սետրակովի հնարավոր տեղափոխումը ՀՀ տարածքից դուրս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել