ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
10:15 - 13 դեկտեմբերի, 2023

ԿԿՀ նախկին նախագահի՝ իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում օրերս հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում եւ դրանով պայմանավորված իր նկատմամբ ճնշման դեպքի մասին է։

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ.

«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետեւելով՝ հրապարակում եմ․ Ազգային անվտանգության  ծառայությունից։ Որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի  քվեարկվեր․․․ Արժանացել է բացասական եզրակացության, եւ դա անհանդուրժելի է նաեւ․․․  Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի  ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես, հենց այդ  պահին զանգի մասին տեղեկացրել եմ եւ փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա որպես  երեւույթ ինչ-որ մեկը Կառավարությունում տեղյա՞կ է թե՞ ոչ, եւ պիտի շնորհակալություն հայտնեմ,  րո անմիջապես արձագանքը եղել է․․․ Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին,-հեղ.) այցելել էր նույն  շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, եւ նաեւ այցելեց հանձնաժողով, եւ 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ  դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաեւ պարոն Աղաջանյանի  խոսքերը, եւ շնորհակալություն նաեւ իրեն՝ դա մեր եւ մեր քաղաքական թիմի կողմից  անհանդուրժելի վարքագիծ է, եւ նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։

«Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով հայտնել՝ Դատախազությունն ուսումնասիրե՞լ է/ուսումնասիրո՞ւմ է նախկին պաշտոնատար անձի՝ իր  օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու փորձի վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը։ Եթե այո, դրա վերաբերյալ կազմվե՞լ է քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն։ Դրական  պատասխանի դեպքում խնդրել էինք հայտնել հոդվածը եւ մանրամասնել՝ ինչպես է լուծվել  դրա ընթացքը։ Իսկ եթե կազմվել է վարույթ չնախաձեռնելու արձանագրություն, խնդրել էինք նշել դրա հիմքը։

Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար։

Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանը 2019 թվականին նոյեմբերին ԱԺ-ի կողմից ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, որից հետո հանձնաժողովի կողմից ընտրվել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնում, որը զբաղեցրել է մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ այս տարվա նոյեմբերի 19-ը: 

Հարությունյանը հավակնում էր դառնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. ԱԺ-ն քննարկեց վերջինիս թեկնածությունը, որը առաջադրվել էր մրցութային խորհրդի որոշմամբ, սակայն Հարությունյանը չընտրվեց անդամի պաշտոնում, քանի որ քվեարկությանը ոչ մի պատգամավոր չէր մասնակցել․ ՔՊ-ն նախօրոք հայտնել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը։

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել