armenpress.am: Հայաստանը և Ադրբեջանը քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև համաձայնագիրը վստահության կառուցման միակ գործընթացը չէ։
«Սա վստահության կառուցման միակ համաձայնությունը չի, որ քննարկվել է։ Քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ գաղափարներ ևս։ Օրինակ՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ։ Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ կան այլ գաղափարներ ևս, որոնք քննարկվում են։
ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։
«Հիմնական գործընթացը, այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են։ Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղան հանդիպումների ձևաչափով։ Առիթ ունեցել ենք ասելու, որ գործի մեծ մասն արված է, և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների շուրջ»,- ասաց Միրզոյանը
comment.count (0)