Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով
19:28 - 13 դեկտեմբերի, 2023

Սահմանամերձությունը՝ սահմանին ապրող մարդկանց պատումներում․ նոր հետազոտությունը բացահայտում է սահմանի ֆենոմենը Տավուշի ու Սյունիքի օրինակով

Սոցիոլոգիայի տեսություններն ասում են, որ սահմանը պարզապես քարտեզի վրայով անցնող գիծ չէ. այն կենդանի սուբյեկտ է, որը ձևավորում են այնտեղ ապրող անհատները․․․ Իսկ ինչպե՞ս են հենց սահմանին ապրող մարդիկ ընկալում սահմանամերձությունն, ու ի՞նչ կարելի է իմանալ սահմանի ֆենոմենի մասին՝ ուսումնասիրելով մարդկանց կենսափորձը։ Այս թեման երկու տարի առաջ հետաքրքրեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետազոտողներին։

 

Սահմանամերձությունը 

Ծնունդով Գորիսից Մարիամ Միրզոյանը 2021-ին սովորում էր Սոցիոլոգիայի ֆակուլտետում և մի ծրագրի շրջանակում քանակական հարցումներ էր իրականացնում Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Բնակիչների հետ շփումների ժամանակ նա հասկացավ, թե որքան հետաքրքիր կլիներ հետազոտել սահմանին ապրող մարդկանց կենսափորձը։ Մարիամին տպավորել էր հատկապես Տավուշի Չինարի գյուղը, որտեղ, ինչպես ինքն է ասում, բնակիչների առօրյա կյանքի մեջ մտած էր սահմանամերձությունը։


Մարիամը

Երևան վերադառնալուն պես Մարիամն այդ մասին պատմեց ԵՊՀ սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանին։ Այդպես Հարությունն ու Մարիամը որոշեցին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց կենսափորձի միջոցով բացատրել սահմանամերձության գաղափարը։ Նրանք դիմեցին «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ին*, հետազոտության համար ֆինանսավորում ստացան ու սկսեցին աշխատանքները։

Առաջին բանը, որ արեցին, տեսության ուսումնասիրությունն էր։ Այս փուլում հասկացան, որ սահմանամերձության՝ որպես սոցիոլոգիական երևույթի ուսումնասիրությունները շատ քիչ են։ Բացի այդ՝ միջազգային իրականության մեջ սահմանը մի փոքր այլ կերպ է ընկալվում։

«Մեր իրականության մեջ կա սահման, սահմանից այն կողմ՝ թշնամի, և թե՛ ֆիզիկական տարածության, թե՛ սոցիալական առումով այդ սահմանը գծված է։ Պատերազմի գործոնը կա նաև։ Իսկ արտասահմանում այդպիսի սահմանամերձություն չկա․ այնտեղ էթնիկ սահմանների մասին է խոսքը»,- ասում է Մարիամը։

Հայաստանում սահմանամերձության ֆենոմենը նկարագրելու համար հետազոտողներն ընտրեցին երկու մարզ՝ Տավուշը և Սյունիքը։ Տավուշը սահմանամերձ էր դարձել դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո, իսկ Սյունիքը սահմանամերձ դարձավ 2020-ի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։ Հարությունի և Մարիամի հիպոթեզն այն էր, որ բնակիչների՝ սահմանամերձության մասին ընկալումները տարբեր էին լինելու այս երկու մարզերի բնակավայրերում։


Հարությունը

Այս տարի՝ ամռանը, Հարությունն ու Մարիամը եղան Տավուշում և Սյունիքում, ամեն մարզում հինգ գյուղ այցելեցին և բնակիչների հետ նարատիվ խորին հարցազրույցներ անցկացրին։

Մարիամն ասում է, որ նարատիվ խորին հարցազրույցները կենսափորձ ուսումնասիրելու հիմնական մեթոդն են։ Հարությունն էլ հիշում է, որ սոցիոլոգիական հետազոտություններում հայտնի այս մեթոդն արդեն հաջողությամբ կիրառել էին մեկ այլ հետազոտության ժամանակ, որը վերաբերում էր Խորհրդային բնակտարածության ձևավորմանը։

«Այնքան հետաքրքիր, մեծ բազաների հիման վրա չափումներ կան, թե ինչպես էին Խորհրդային շրջանում բնակարան տրամադրում։ Եվ այնտեղ անարդարության, միտումնավորվածության բացահայտումներ կան։ Մենք ընդամենը կենսագրական պատումներով, երբ մարդիկ պատմում էին՝ ինչպես էին բնակարան ստանում, նույն եզրահանգումներին ենք եկել, նույն եզրակացությունն ենք արել որակական հետազոտությամբ, ոչ թե մեծ բազաներ գեներացնելով և վիճակագրական հաշվարկներով»։

Այս մեթոդի հիմքում ընկած է ոչ թե հետազոտությանը մասնակցող մարդկանց քանակը, այլ նրանց հետ անցկացված հարցազրույցների բովանդակությունը։ Հետազոտողները մարդկանց այնպիսի հարցեր են տալիս, որոնց միջոցով պատում է ձևավորվում։

«Եթե սկզբից մինչև վերջ որևէ հարցազրույց լսեք կամ կարդաք, կնկատեք, որ այն, ինչ-որ մի կարևոր երևույթ հիմքում դնելով, մարդու կյանքի պատմությունն է։ Մեր դեպքում այդ կարևոր երևույթը սահմանամերձությունն էր, և մի քանի ժամանակաշրջաններ կային՝ գյուղը սահմանամերձությունից առաջ, պատերազմական շրջանում, սահմանամերձեցման շրջանում և դրանից հետո»,- ասում է Մարիամը։

 

Անցյալը ոչ թե անցյալում, այլ ներկայում

Ամեն գյուղում Հարությունն ու Մարիամը նարատիվ խորին հարցազրույց անցկացրին երկու բնակչի հետ։ Հարցազրույցների մասնակիցները պիտի ծնված լինեին մինչև 1970 թվականը, այսինքն՝ 1988-ի Արցախյան շարժման ժամանակ առնվազն 18 տարեկան եղած լինեին և գիտակից փորձառություն ունենային։

Մարիամը պատմում է՝ մտավախություններ ունեին, որ բնակիչները չեն ցանկանա խոսել, բայց իր՝ Գորիսից լինելն ու Սյունիքի բարբառն իմանալը շատ էր օգնում գործին։ Դե քանի որ Սյունիքի ու Տավուշի բարբառները նման են, նրան սիրով ընդունեցին նաև Տավուշում։

«Տավուշի Չինարի գյուղում՝ հարցազրույցներից մեկի ժամանակ, մեկն ինձ հարցրեց՝ դու որտեղի՞ց ես, ասացի՝ Գորիսից եմ, ասաց՝ վա՜յ, դու մեր «земляк»-ն ե՞ս, բա ինչի՞ մեր բարբառով չես խոսում։ Տեսե՛ք, «մեր բարբառով» ասաց»,- պատմում է Մարիամը։

Հարությունն ասում է, որ բարդ է ճշգրիտ վերականգնել այն, ինչ տեղի է ունեցել տարիներ առաջ, օրինակ՝ 1988-ին․ «Ուղղակի հիշողությունը անցյալն է այսօր․ անցյալն անցյալում չէ։ Շատ բարդ է անցյալն անցյալում դուրս բերել»։

Հետազոտողների համար կարևոր էր, որ բնակիչներն անցյալի իրողությունները պատմեին ոչ թե այնպես, ինչպես դրանք հիշում էին ներկայում, այլ տեղափոխվեին անցյալ ու խոսեին հենց անցյալի համատեքստում։ Այս նպատակով բնակիչների հետ հարցազրույցների մի հատվածն անցնում էր քայլելով․ նրանք Հարությունի ու Մարիամի հետ շրջում էին իրենց գյուղում և ցույց տալիս, թե իրենց պատմած որ դեպքը որտեղ է տեղի ունեցել՝ զուգահեռ վերապրելով անցյալում կատարվածը։ Դա օգնում էր անցյալի ավելի շատ շերտեր բացահայտել։

Բնակիչների հետ հարցազրույցների ժամանակ ընդգծվում էր «մենք»-ի ու «նրանք»-ի գաղափարը։ 


Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում

Երևի կմտածեք, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները «նրանք» են համարում միայն սահմանից այն կողմ եղող թշնամուն, իրենց բառերով՝ թուրքին։ Բայց Հարությունն ու Մարիամը պատմում են, որ ինչ-որ հարցերում բնակիչները «նրանք» են համարում նաև Հայաստանի ոչ սահմանամերձ հատվածում ապրողներին։

«Քանի որ ես էլ Գորիսեցի էի, սյունեցիների համար «մենք» էի»,- հիշում է Մարիամը։

Հարությունն ասում է՝ սահմանամերձ բնակավայրերի դեպքում խոսքը ոչ այնքան Հայաստանի սահմանի մասին է, որքան հենց բնակիչների սահմանի մասին․ «Նրանց սահմանը չի վերջանում Ադրբեջանում․ այստեղից էլ կա սահման։ Այդ «նրանք»-ը նաև մենք ենք (ծիծաղում է), որովհետև սահմանի բնակիչն ասում է՝ մենք Հայաստանի դարպասն ենք, մենք Հայաստանի անվտանգության երաշխավորն ենք, մենք առաջին գիծն ենք, մենք չլինենք՝ մի մակարդակ ավելի է մոտենալու քեզ վտանգը»։

 

«Դոստն» ու «քիրվան» դառնում են թշնամի

Հարցազրույցների փուլն ավարտելուց ու դրանք բնակիչների լեզվից սոցիոլոգիայի լեզու թարգմանելուց հետո Հարությունի ու Մարիամի հիպոթեզն ապացուցվեց․ Տավուշում և Սյունիքում ընկալումների տարբերություն կար։ Պատճառն, անշուշտ, պատմական է․ սահմանամերձեցումը երկու մարզերում տարբեր ընթացք է ունեցել։

Մի կողմից Տավուշն է, որի բնակիչները մինչև 1988-ի Արցախյան շարժումն ադրբեջանցիների հետ ապրում էին կողք կողքի, որոշ ադրբեջանցիների նաև իրենց «դոստն» էին համարում (թուրքերեն՝ dost՝ մտերիմ ընկեր):


Տավուշի մարզի Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան)

«Տավուշը շատ ինտեգրված, շատ ակտիվ տարածաշրջան էր Խորհրդային շրջանում։ Նույնիսկ հայկական և ադրբեջանական գյուղերի բաշխվածությունը եթե նայենք (մինչև հիմա անկլավային ամենաբարդ խնդիրն այդտեղ է), այնքան ներկառուցված են իրար մեջ․ մի տեղ շուկան էր, մի տեղ՝ հիվանդանոցը, ու դա և՛ հայի, և՛ ադրբեջանցու համար էր, այսինքն՝ ռեգիոնալ ինտեգրացիա կար»,- ասում է Հարությունը։

Հետո սկսվեց պատերազմը, «դոստը» դարձավ թշնամի, հայերը սկսեցին Ադրբեջանից դուրս գալ, ադրբեջանցիները՝ Հայաստանից։

«Դու «դոստի» հետ ապրել ես կողք կողքի, ընկերություն ես արել, պատերազմի ժամանակ հասկացել ես, որ նա թուրք է, բայց կապն այնքան ուժեղ է, որ դու նրան վատ չես ուզել, նա էլ քեզ, ու երբեմն իրար օգնել եք»,- նշում է Հարությունը։

Եվ Տավուշում բնակիչները սկսեցին անմիջականորեն մասնակցել սահմանների ձևավորմանն ու սահմանամերձեցմանը՝ կռվելով, առաջ գնալով, հետ քաշվելով։ Հենց բնակիչներն այստեղ գծեցին իրենց ու թշնամու միջև սահմանը։

Մյուս կողմից Սյունիքն է, որտեղ դեպքերն այլ ընթացք ստացան։ Տավուշի «դոստը» Սյունիքում «քիրվա» էր կոչվում (թուրքերեն՝ kirve՝ քավոր, հայերենում օգտագործվում էր մտերիմ իմաստով): Ինչպես Տավուշում էին որոշ ենթակառուցվածքներ ընդհանուր, այնպես էլ Սյունիքում․ ադրբեջանցիներն, օրինակ, Գորիսի շուկայից էին օգտվում, սյունեցիները՝ Կուբաթլուով անցնող գնացքից։ 

Արցախյան առաջին պատերազմը սկսվեց, և «քիրվան» դարձավ թշնամի։ Բայց ի տարբերություն Տավուշի, որտեղ բնակիչներն իրենք էին սահմանը գծում, Սյունիքում մարդիկ գիտակցում էին, որ թշնամին կա, բայց իրադարձությունների բերումով այդ թշնամին նրանց մոտիկ չէր։

«Կար Արցախ, և ինչ-որ մի տեղ՝ 100 կիլոմետր այն կողմ, կանգնած էր ադրբեջանցին»,- ասում է Հարությունը։ 


Սյունիքի Դավիթ Բեկը (լուսանկարը Մարիամին են ուղարկել գյուղի բնակիչները)

Մինչև «քիրվայի»՝ թշնամի դառնալը, հայերի ու ադրբեջանցիների միջև, իհարկե, կային ոչ ֆորմալ սահմաններ։ Մարիամն, օրինակ, հիշում է իր զրուցակիցներից մեկի պատմածները Սյունիքի Էվազլար ճանապարհահատվածի մասին, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։

«Էվազլարի հատվածն իրենցը չէ, մերն է։ Քանի որ մեզ պետք է եղել, որ ճանապարհի ամբողջ հատվածը մերը լինի, մեր ապուպապերն իրենց հետ ինչ-որ կտորներով փոխել են, այսինքն՝ եթե մի ճանապարհը մենք ենք վերցրել, որ մեր ճանապարհն ամբողջական դառնա, մի փոքր հատված այսինչ տեղից իրենց ենք տվել»,- բնակիչներից մեկի խոսքերն է վերապատմում Մարիամը։

Հարությունի խոսքով սյունեցիներն 90-ականների պատերազմից հետո ապրում էին՝ գիտակցելով, որ իրենց կողքով անցնում է Ադրբեջան պետության վարչական սահմանը, բայց նրանք ժամանակի հետ մոռանում էին՝ ինչ է նշանակում այլ էթնոսի հետ տարածք կիսել։

«Թշնամի-բարեկամ-քիրվա-թշնամի․․․ Կորել է, գնացել է, արթնացել եմ՝ էլ չկա, վակուում է։ Ու սրա մեջ սյունեցին կորցրել է համակեցության փորձառությունը։ Իսկ տավուշցին անընդհատ մեխանիզմ է զարգացրել՝ ինչպես ապրի դրա հետ, դա դարձել է իր առօրյան։ Սյունեցու համար սա ինչ-որ կտրուկ փոփոխություն է, որովհետև այն, ինչ 30 տարի առաջ կար, կարծես չի էլ եղել, մեկ էլ հանկարծ՝ դիրք, ադրբեջանցի, վտանգ, կրակ, ռիսկ»- ասում է Հարությունը։

Սյունիքում հետաքրքրական է հատկապես Խորհրդային ուշ շրջանում ձևավորված բնակավայրերի օրինակը։

«Նրանք չեն էլ հասցրել կրել այդ սահմանայնությունը որպես բնակավայր։ Ու հիմա նրանց համար կրկնակի շոկ է։ Եթե Սյունիքի հին բնակավայրերն ունեն հիշողություն, ապա նոր բնակավայրերը չունեն ո՛չ հիշողություն, ո՛չ կուտակած փորձառություն»,- նշում է Հարությունը։

 

Այն, ինչ Սյունիքում լուծում է, Տավուշում կարգի տապալում է

Հարությունն ու Մարիամն ասում են՝ հարցազրույցների ժամանակ բնակիչներին մի պրովոկատիվ հարց էին տալիս․ «Եթե հանդիպեիք Սյունիքի (Տավուշի) սահմանամերձ բնակավայրում ապրող բնակչի, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան»։

Պատասխանները տարբեր էին։ Տավուշում, օրինակ, կային այսպիսի պատասխաններ․ «Մենք ինչպե՞ս էինք ապրում էսքան տարի․ ոչինչ, կհարմարվեն»։ Սյունիքում էլ ասում էին, որ մինչև վերջին դեպքերը երբևիցե չեն մտածել, որ այնտեղ՝ Տավուշում, մարդիկ ամեն օր ապրում են սահմանին։


Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնում

Հետաքրքիր է այն, որ Սյունիքում իրենց խնդիրների լուծումը բնակիչները կապում են ուրիշների հետ, ասում են՝ թող գան, սահմանագծեն, սահմանազատեն։

«Սյունիքում կա բնակչի օտարվածություն գործընթացից, որովհետև նա գնացել նստել է, սպասում է՝ սահմանազատեն ու սահմանագծեն։ Որովհետև չեղավ կոնսենսուս, եղան կտրուկ որոշումներ, ու մարդը հայտնվեց քաղաքական, պատերազմական ելքի, հատկապես՝ պարտության փաստի առաջ։ ․․․․ Բայց եթե սահմանագծումը Սյունիքի համար լուծում է, Տավուշի համար կարգի խափանում է, որովհետև ասում են՝ մենք գծել ենք արդեն, սովոր ենք: Գծել նորից, անկլավը տալ, մյուսը վերցնել նշանակում է մեզ նորից մտցնել փուլ, որի մեջ մենք պետք է սահման հասկանանք»,- ասում է Հարությունը։

 

Սահմանի կենդանի քարտեզները

Հետազոտողների այցելած բնակավայրերից շատերի համար սահման է հենց ճանապարհը, որը նրանց կապում է Հայաստանի մնացած հատվածին, բայց թշնամու նշանառության տակ է։

«Նրանք խոսում էին ռիսկերի և վախերի մասին, որի համատեքստում, եթե, օրինակ, ճանապարհը փակվի, ռազմական գործողություններ սկսվեն, շրջափակման մեջ են հայտնվելու։ Նույն ճանապարհն է՝ և՛ որպես փրկություն, և՛ որպես վտանգ»,- ասում է Մարիամը։

Նարատիվ խորին հարցազրույցների ընթացքում Մարիամը հասկացավ, որ  կարելի է բնակիչներից պարզել, թե իրենց բնակավայրերում նրանք ինչն են անվտանգ համարում, ինչը՝ վտանգավոր։ Այս նպատակով Հարությունն ու Մարիամն ընտրեցին մտային քարտեզների մեթոդը։

Սա Ոսկեպարի քարտեզն է, բայց այս քարտեզում այն Ոսկեպարն է, որը տեսնում ենք բոլորս։

Իսկ ինչպիսի՞ն է Ոսկեպարի քարտեզը այն բնակչի աչքերով, որի համար սահմանամերձությունը սովորական երևույթ է դարձել։ Կամ ինչպիսի՞ն են Բերդավանի քարտեզը՝ բերդավանցու և Կոռնիձորի քարտեզը՝ կոռնիձորցու աչքերով։ Սա հասկանալու համար հետազոտողները հարցազրույցների ընթացքում բնակիչներին խնդրեցին գծել իրենց բնակավայրի քարտեզը՝ կապույտով նշելով ակտիվ հատվածները, կանաչով՝ անվտանգ, կարմիրով՝ վտանգավոր, շագանակագույնով՝ լքված, չօգտագործվող։

Ոսկեպարի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ եկեղեցին էլ է վտանգավոր գոտում

Կաղնուտի բնակչի գծած մտային քարտեզը, որտեղ Դավիթ Բեկ տանող ճանապարհը վտանգավոր գոտում է

Տեսության ուսումնասիրության և նարատիվ խորին հարցազրույցների հիման վրա Հարությունն ու Մարիամն արդեն հոդված են գրել և ուղարկել միջազգային գիտական ամսագրերից մեկին։ Հոդվածն այժմ գրախոսման փուլում է, սպասում են տպագրմանը։ Բնակիչների գծած մտային քարտեզները դեռ վերլուծում են։

Հարությունը համաձայն է, որ իրենց հետազոտության համատեքստում հետաքրքիր կլիներ ուսումնասիրել նաև հակառակ կողմի պատկերացումները․ չէ՞ որ սահմանն ունի երկու կողմ։ Իհարկե, հասկանալի պատճառներով սա անհնար է։ Ադրբեջան գնալ ու այնտեղի բնակիչների հետ խոսել չեն կարող, իսկ Ադրբեջանում դժվար թե սոցիոլոգիական հետազոտություն իրականացվի այդ թեմայով։

«Այնտեղ շատ սահմանափակ է, հետազոտական համայնքը շատ ճնշված է»,- նշում է Հարությունը։

Խոսելով իրենց հետազոտության նշանակությունից՝ Հարությունն ասում է, որ Հայաստանում 90-ականներից հետո տարածքային կառավարման հարցն ընկալվել է որպես վարչական, ադմինիստրատիվ, քաղաքական, տնտեսական գործընթաց։ 

«Միշտ վերևից իջնող, մակրոմակարդակում դիտարկվող գործընթացներ են ընթանում։ Աշխարհում էլ, երբ խոսվում է սահմանային հետազոտությունների մասին, շատ հաճախ մակրոանալիզներ կարող եք տեսնել՝ վերևից, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, ենթակառուցվածքային և տարբեր առումներով։ Իսկ ո՞վ է ապրում այն տեղում, որի մասին խոսում ես․ մարդու կենսափորձը, փորձառությունը լավ չեն հասկացվում»,- ասում է նա։

Իրենց հետազոտությամբ Հարությունն ու Մարիամը փորձել են հարցը հասկանալ հենց միկրոմակարդակում՝ հիմքում ունենալով բնակիչների կենսափորձը։ 

«Քաղաքականություն մշակելու համար այտեղից կարելի է շատ խորհուրդներ քաղել, շատ հարցեր դուրս բերել՝ հասկանալու համար՝ ինչի հետ գործ ունեն, ինչպես վարվեն։ Վաղը Հայաստանի վարչապետը գուցե ռեգիոնալ լուրջ լուծում պարունակող «Խաղաղության խաչմերուկ» է հայտարարում, բայց այդ խաչմերուկի սահմաններին կանգնած մարդիկ ովքե՞ր են, ի՞նչ են զգում, ինչպե՞ս են տեսնում, ինչպե՞ս են վերապրում այս ամբողջը։ Այս հարցերը հաճախ դուրս են մնում»,- նշում է նա։

Հարությունն ասում է՝ իրենց այս ուսումնասիրությունը հետազոտական նոր հարցեր է բացում․ «Շեշտադրել ենք հետաքրքիր թեմաներ, որոնց շուրջ կարելի է մտորել ու դարձնել նոր թեմաներ»։

 

Գլխավոր լուսանկարում՝ Բերդավանը (հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան)

Աննա Սահակյան
Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի

 

*«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը», որի աջակցությամբ Հարությունն ու Մարիամն իրականացրել են հետազոտությունը, տեղեկացնում է՝ պարտադիր չէ, որ հրապարակման մեջ արտահայտված կարծիքները ներկայացնեն իր տեսակետները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել