Ներդրումային ծրագրերը՝ ԵԱՏՄ երկրների միասնական հարթակում. ԱԺ-ում քննարկվում է նոր հայեցակարգ
 |armenpress.am|
14:41 - 18 դեկտեմբերի, 2023

Ներդրումային ծրագրերը՝ ԵԱՏՄ երկրների միասնական հարթակում. ԱԺ-ում քննարկվում է նոր հայեցակարգ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը  նշեց, որ ենթադրում է միության անդամ երկրների Էկոնոմիկայի նախարարությունների կողմից այդ երկրներում անհրաժեշտ ներդրումային ծրագրերի հավաքագրում և մեկ միասնական հարթակում ներկայացում: Միասնական հարթակը կարող է լինել ինչպես էլեկտրոնային ձևաչափով, այնպես էլ ֆիզիկական կառույցի տեսքով:

«Հավաքագրվելու են ներդրումային ծրագրեր՝ հագեցած գործարար ծրագրին բնորոշ տվյալներով, երկարաժամկետ ֆինանսատնտեսական հաշվարկներով, ներդրումների հետգնման ժամկետներով: Այս ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում լիազոր պետական գերատեսչությունների կողմից իրականացվելու է պետական աջակցություն, որի ծավալն ու ձևաչափը կորոշի կառավարությունը»,-ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Ըստ Հակոբյանի՝ գաղափարը նոր է, սակայն հավակնոտ: Այն կարող է Հայաստանին ապահովել հատկապես մշակող արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային նախագծերի իրականացմամբ, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ և տեղական արտադրության կազմակերպմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և տնտեսական աճով:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ փաստեց՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճում է:

Քերոբյանը նաև հիշեցրեց. «2024 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է մշակող արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագիրը: Իմաստն այն է, որ, եթե մի քանի երկրների ներդրողներ կամ ընկերություններ միմյանց հետ համագործակցում են, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծածկելու է այդ ներդրումային ծրագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ծախսերի զգալի մասը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել