news.am: Ադամանդի արտահանումը կտրուկ մեծացել է մեր լավ աշխատանքի արդյունքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Անդրադառնալով Վերին Լարսում առաջացած խնդիրներին, ինչպես նաեւ դրանց լուծմանը, նախարարն ասաց, որ օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրներն առայժմ լուծված են․
«Այս պահին եղանակային խնդիր կա, բայց դրանք, հաշվի առնելով այն, որ էապես ընդլայնվել է թողունակությունը, դրանք կարճաժամկետ խնդիրներ են, առանձնապես ազդեցություն չեն ունենա մեր առեւտրային ռեժիմի վրա»։
Հարցին՝ արդյո՞ք ապրանքների արտահանման ստանդարնտների հետ կապված խնդիրները լուծվել են, Քերոբյանն ասաց․
«Չեմ կարող ասել, որ ամբողջությամբ այդ խնդիրները հասցեավորված են, եւ Հայաստանի արտադրանքը մի գիշերվա մեջ դարձել է աշխարհի ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, բայց ինքներս էապես խստացրել ենք մեր արտահանման նկատմամբ վերահսկողությունը, այսինքն՝ սահմանային հսկողությունը արտահանվող գյուղմթերքի նկատմամբ, որը նախկինում պարտադիր չէր։ Այս տարի մենք ամբողջությամբ ռեֆորմի ենք ենթարկել որակի ենթակառուցվածքների հետ կապված ամբողջ օրենսդրական փաթեթը, որը մենք մշակել ենք եվրոպացի գործընկերների հետ։ Նպատակն այն է, որ Հայաստանի որակի ենթակառուցվածքը համահունչ լինի եվրոպական 765 դիրեկտիվին, նաեւ ԵՏՄ համապատասխան կարգավորումներին»։
Ճշտող հարցին՝ այժմ հայկական այդ ապրանքները արտահանվո՞ւմ են Ռուսաստան, Քերոբյանը պատասխանեց․ «Այդ գյուղմթերքն ամեն օր արտադրվում է, փոխվել են նաեւ ներսում աշխատելաոճը, նաեւ աշխատանքային պրոցեսները, որպեսզի ավելի բարձր ստանդարտի ապրանքներ արտահանեն»։
Քերոբյանի խոսքով՝ 2023 թվականին Վերին Լարսը բաց է եղել ավելի շատ օրեր, քան երբեւիցե․ «Առաջ եղանակային կամ այլ խնդիրներով տարեկան 30-40 օր Վերին Լարսը փակ է եղել, իսկ այս տարի ընդամենը 1 շաբաթ, գումարած 1-2 օր էլ եղանակային պայմաններով»։
Հարցին՝ Լարսի՝ փակվելը արդյո՞ք իր մեջ քաղաքական ենթատեքստ ուներ, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել, որ կա քաղաքական ենթատեքստ։ Ինձ համար կարեւոր է, որպեսզի հայկական ապրանքը լինի այնքան լավը, որ ունենա հասանելիություն բազմաթիվ շուկաների, եւ մենք որեւէ կախվածություն չունենանք որեւէ երկրի շուկայից»։
Նախարարն ասաց, որ ԵՏՄ-ի հետ առեւտուրը նախորդ տարվա համեմատ աճել է 41 տոկոսով, ինչը, ըստ Քերոբյանի, բարձր ցուցանիշ է․ «Մոտավորապես 5,7 մլրդ դոլարի է հասել, որը էական բարձր թիվ է»։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է մասնակցի ԵՏՄ միջկառավարական նիստին, նախարարն ասաց, որ հայկական կողմը պետք է բոլոր երկրների հետ ձեւավորի գործնական, իր շահերից բխող քաղաքականություն․ «Այդ տեսանկյունից, բնականաբար, հարաբերությունները գլխավոր առեւտրային գործընկերների հետ պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա»։
comment.count (0)