Գեղարքունիքի մարզում տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ, հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։40-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ»-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ»-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նավակներով մոտեցած անձանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 26 անձ։ Որոշումներ են կայացվել վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ։
Ավելի վաղ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին «Սևան ազգային պարկի» հատուկ նշանակության ջոկատի և ջրային պարեկային ծառայության կողմից համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճին հարակից բնակավայրերի ափամերձ հատվածներից դուրս է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնաորսիչ և 53 ձկնորսական ցանց․ «Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ «Սևան ազգային պարկի» տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները»,- հաղորդել էր նախարարությունը։
comment.count (0)