Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը (երկու վարչական վարույթ)։ Այս մասին հաղորդում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը Լսողական մեդիածառայություն մատուցող ««Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է առաջին վարչական վարույթի դեպքում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ երկրորդի դեպքում Օրենքի՝ 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջների խախտման հատկանիշներ:
Հանձնաժողովը Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները:
Ըստ կազմված արձանագրության՝ Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում:
Հարուցված երկրորդ վարչական վարույթի նյութերը ներկայացնելիս նշվեց, որ Հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:
Առաջին վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել«Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում՝ կիրառել Օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանաված տույժը՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
comment.count (0)