Կառավարությունը կփոխհատուցի մինչ 2023թ․ սեպտեմբերի 19-ը ՀՀ ուսհաստատություններում ընդգրկված ԼՂ ուսանողների ուսման վարձը
14:03 - 21 դեկտեմբերի, 2023

Կառավարությունը կփոխհատուցի մինչ 2023թ․ սեպտեմբերի 19-ը ՀՀ ուսհաստատություններում ընդգրկված ԼՂ ուսանողների ուսման վարձը

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 21-ի հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։

Որոշման ընդունմամբ կապահովվի վերջիններիս կրթության շարունակականության ապահովման հարցը: 

2023թ․ սեպտեմբերի 19-ից ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերոնշյալ ուսանողները փաստացի զրկվել են ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կամ վճարման հնարավորությունից և չեն հանդիսանում պետական կրթաթոշակային ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2023թ․ հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշում): 

Նախատեսվող կարգավորումների համաձայն՝ մինչև բռնի տեղահանումը ԼՂ կողմից վարձավճարի փոխհատուցում ստացող, ինչպես նաև սեփական միջոցների (ընտանիքի) հաշվին արհեստագործական, միջին, բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, կլինիկական օրդինատուրայի վճարովի համակարգում ընդգրկված սովորողներին, որոնց  ընտանիքները 2023թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվել են, կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ 2023-2024 ուսումնական տարվա համար հետևյալ չափերով և պայմաններով.

1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից,

2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50%-ից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

Ըստ հասանելի տվյալների՝ ՀՀ բուհերի վճարովի համակարգում սովորում է ԼՂ բնակիչ հանդիսացող շուրջ 860 ուսանող, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների թիվը 74 է: Ընդհանուր հաշվով 2023-24 ուստարվա համար նրանց ուսման վարձավճարի փոխհատուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը կազմում է համապատասխանաբար շուրջ 515,445,800 ՀՀ դրամ և 13,861,000 ՀՀ դրամ: 

Փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցները տրամադրվելու են ուսումնական հաստատություններին նվիրաբերության պայմանագրերի, իսկ լրացումների դեպքում՝ համաձայնագրերի հիման վրա՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի ներկայացրած անվանացանկերը:

Ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցում սովորողներին տրամադրվելու է ուսման վարձի՝ սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցում, կհրապարակվի առաջիկայում։

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ 2023-24 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը արդեն իսկ վճարած և այս աջակցության ծրագրի շահառու դարձած ուսանողների գումարը պետք է վերադարձվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել