ՀՌՀ-ն լրացուցիչ պարզաբանում է տարածել «Ռադիո Տոսպա» ՓԲԸ հեռարձակման լիցենզիան 30 օրով կասեցնելու որոշման վերաբերյալ
17:02 - 25 դեկտեմբերի, 2023

ՀՌՀ-ն լրացուցիչ պարզաբանում է տարածել «Ռադիո Տոսպա» ՓԲԸ հեռարձակման լիցենզիան 30 օրով կասեցնելու որոշման վերաբերյալ

«Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լրացուցիչ պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանություն է տարածել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ, որում ափսոսանք է հայտնում կարգավորող մարմնի կայացրած վճռի վերաբերյալ, քանի որ սահմանափակվում է «հայ ունկնդրի՝ իր նախընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»: Դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատում է նաև որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։

Դեսպանատան վերոնշյալ մեկնաբանության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում լրացուցիչ պարզաբանում ներկայացնել ՀՌՀ-ի որոշման վերաբերյալ։

Այս տարվա դեկտեմբերի 20-ի N111-Ա (https://tvradio.am/wp-content/uploads/2023/12/111-23.pdf) որոշմամբ հանձնաժողովը 30 օրով կասեցրել է «Ռադիո Տոսպա» ՓԲԸ-ի հեռարձակման լիցենզիան (ոչ «Sputnik Արմենիա» ռադիոյի, որի գործունեության կարգավորումները  ՀՌՀ-ի գործառույթներից դուրս են, և որը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի բոլոր մեդիահարթակներում՝ բացառությամբ հանրային մուլտիպլեքսի): 2017 թվականին Հայաստանին պատկանող հաճախականությունների սահմանափակ տիրույթում հեռարձակման լիցենզիա ստանալով՝ «Ռադիո Տոսպա»-ն պարտավորվել է խստորեն պահպանել ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այնպես էլ լիցենզիայի պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Սակայն «Ռադիո Տոսպա»-ի կողմից վերահեռարձակվող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը բազմիցս կոպտորեն խախտել է թե՛ Հայաստանի օրենսդրությունը և թե՛ ակնհայտ հակասություն ունեցել դեսպանատան հիշատակած «Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների» մեկնաբանության հետ:

Իր սահմանադրական լիազորությունների շրջանակում Հանձնաժողովն ապահովել և ապահովում է «հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու  բացարձակ իրավունքը»։ Սակայն «ատելության խոսքով», սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, հազիվ քողարկված բռնության կոչերով, օրենքը բազմիցս խախտող «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը վարողի մենախոսություններում բացակայում է տարրական հարգանքը դաշնակից երկրի, նրա ժողովրդի, ղեկավարության հանդեպ, և նույնիսկ մեծ երևակայության դեպքում դժվար է այն «տեղեկատվության աղբյուր» անվանելը։ Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ այդպիսի բովանդակությունը հեռարձակում է ռուսական պետական ​​լրատվամիջոցը:

Հիասթափեցնող է նաև «Ռադիո Sputnik»-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարության արձագանքը հայկական կարգավորիչ մարմնի որոշմանը։ Այդպիսի իրավիճակներում, եթե ոչ ներողություն խնդրելու, ապա գոնե կառուցողական երկխոսության միջոցով հետայսու նմանօրինակ միջադեպերը բացառելու պատրաստակամության փոխարեն «Ռադիո Sputnik»-ի խմբագրական քաղաքականության պատասխանատուները սահմանափակվեցին՝ «դաշնակից Հայաստանին» ուղղված ոչ բարեզուսպ հայտարարություններով և Հայաստանի իշխանություններին և կարգավորող մարմնին  «ազատ խոսքի ճնշման» մեղադրանք ներկայացնելով»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել էր նիստ, որի շրջանակում «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթներ: Ըստ կազմված արձանագրության՝ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է» անդրադարձել ՀՀ-ին ու ժողովրդին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել