2017-2022 թվականներին ամբողջ աշխարհից Հայաստան են ներմուծվել գրեթե 4000 վայրի կենդանիներ, որոնց մեծամասնության ճակատագիրն անհայտ է մնում վիճակագրության բացակայության և մաքսային տվյալների ոչ լիարժեքության պատճառով։
ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իսկ որոշ դեպքերում՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վայրի կենդանիների առևտրի թույլտվություններ և եզրակացություններ տրամադրող մարմիններ են, բայց չեն տիրապետում ներմուծված և արտահանված կենդանիների մասին ամբողջական տեղեկությունների։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայությունը նույնպես չի տիրապետում կենդանիների ներմուծման և արտահանման վերաբերյալ լիարժեք տեղեկությունների, ինչպես իրենք են նշում, «օբյեկտիվ և սուբյեկտիվ» պատճառներից ելնելով, ինչպիսիք են, օրինակ, թերի լրացված մաքսային փաստաթղթերը։
Հարավաֆրիկյան Հանրապետությունից (ՀԱՀ) Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստանի մասնավոր ընկերություններ
2021 թ. ՀԱՀ-ից Հայաստան են ներմուծվել 45 ընձուղտներ։ Նրանցից մեկն անկել է տեղափոխման ընթացքում, ևս մեկը՝ արդեն Հայաստանում։ Մյուս ընձուղտների ճակատագիրն անհայտ է։
Հայաստան ներմուծվելուց ամիսներ անց ընձուղտներից 30-ին վաճառելու գործարքներ են կնքվել։ Նրանցից 12-ի համար տրվել են վերաարտահանման թույլտվություններ դեպի ՌԴ Տուլա քաղաքում գտնվող «Օվացիա» ՍՊԸ, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ մսի և մսամթերքի մանրածախ առևտրով։ Եվս 12 ընձուղտներ պետք է ուղևորվեին «Յալթինսկիյ զօօպարկ «ՍԿԱԶԿԱ»» ՍՊԸ, իսկ մյուս 6 ընձուղտների արտահանման թույլտվությունը ստացել է ՖՏՂ ԱՁ Խաչատուրյան Էդուարդ Սերգեեվիչը, որի անունը մեկ անգամ չէ, որ շրջանառվել է մամուլում Հայաստանից ՌԴ վայրի կենդանիների տեղափոխման կասկածելի գործարքների շրջանակում։ Այս բոլոր գործարքները, սակայն, տեղի չեն ունեցել, քանի որ դեռևս 2020 թ․ ՌԴ Ռոսսելխոզնադզոռը արգելել է ՀԱՀ ծագմամբ և դաբաղ հիվանդության նկատմամբ զգայուն կենդանիների մուտքը Ռուսաստան։
Ընձուղտներին Հայաստան է ներմուծել «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ն, որի սեփականատերերը նախկինում կենդանիների առևտրի գործարքներ են իրականացրել «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի միջոցով, որը 2017-ին սնանկացել է, իսկ հիմա արդեն լուծարվում է։ Սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը «Ինֆոքոմին» հայտնել է, որ տարածքը, որտեղ գրանցված է այս ընկերությունը, գրավադրված է և շուտով վաճառվելու է: Վաճառքը հետաձգվում է հողի կարգավիճակի հետ կապված խնդրի պատճառով։
Հայաստանի նվազագույնը չորս պետական կառույցներ թույլ են տվել, որ ներմուծման այս գործարքը կայանա՝ տալով թույլտվություններ և դրական մասնագիտական եզրակացություններ։ Այդ պետական կառույցներն են, մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), ինչպես նաև՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։ Այս կառույցներից որևէ մեկը, սակայն, լիարժեք տեղեկություններ չի տրամադրում կենդանիների ներկայիս իրավիճակի վերաբերյալ։
Ի՞նչ կապ ունի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ընձուղտների ներմուծման հետ
Բնության պահպանության միջազգային միության (IUCN/ԲՊՄՄ) դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում ընձուղտների քանակն էականորեն նվազել է։ 1985-2015 թվականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընձուղտների պոպուլյացիան 36-40%-ով կրճատվել է, ինչի պատճառը մարդու կողմից շահագործման ծավալների աճը (անթրոպոգեն գործոն) և արեալների կրճատումն է։
2016 թվականից ընձուղտներն ընդգրկվել են IUCN կարմիր ցուցակում և ստացել VU (խոցելի) կարգավիճակ։ IUCN-ը հաշվարկում է ընձուղտների մոտ 68 հազար 293 հասուն առանձնյակ։ 2019 թվականից ընձուղտներն ընդգրկվել են CITES («Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին») կոնվենցիայի 2-րդ հավելվածում, ինչն ավելի է ընդգծում այս կենդանիներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու և պաշտպանելու անհրաժեշտությունը։
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը Շրջակա միջավայրի նախարարությանը գրավոր եզրակացություն է ուղարկել, ըստ որի՝ ընձուղտները Հայաստանի բնական կենսամիջավայրում չեն կարող գոյատևել։ Միևնույն ժամանակ, նույն եզրակացությունում ասվում է, որ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ-ի տարածքները համապատասխանում են կենդանիների խնամքի բոլոր միջազգային նորմերին և ստանդարտներին, հետևապես՝ կենդանիները կարող են ժամանակավոր պահվել այդ ընկերության տարածքում։ Այդպիսով, գիտական կենտրոնն առանց որևէ գիտական հիմնավորման չի առարկել 45 ընձուղտների ներմուծումը։
Պաշտոնական փաստաթղթերում ընձուղտների ներմուծման նպատակ է նշվել կենդանիների առևտուրը և բուծումը։ Այսինքն, կենդանիների ներմուծման հիմնական նպատակը հետագա վերավաճառքն է։
ԳԱԱ գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության մեջ հաշվի չեն առնվել ներմուծման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը, կլիմայական պայմանների փոփոխության ազդեցությունը կենդանիների վրա, ինչպես նաև կենդանիներին անազատ պայմաններում պահելու ազդեցությունները։
Ընձուղտներ և այլ վայրի կենդանիներ, որոնց ոչ ոք չի տեսել և չի լսել
2021 թ․ Հայաստան ներկրված 43 ընձուղտների գտնվելու վայրը և պահման պայմանները պարզելու համար մենք մի քանի անգամ փորձել ենք կապ հաստատել «Ֆաունա Զօօ» ընկերության հետ, բայց ապարդյուն․ մեր հարցերին հրաժարվել են պատասխանել։
«Ֆաունա Զօօ» ընկերությունը գրանցված է Գ․ Մահարի 148 հասցեում (Էրեբունի վարչական շրջան)։ Հենց այս հասցեն է բոլոր փաստաթղթերում նշվում որպես կենդանիների ներմուծման վայր։ Ենթադրելով, որ ՀԱՀ-ից բերված ընձուղտներն այս հասցեում են, մենք դեռ 2022-ին ՍԱՏՄ գրավոր հարցում էինք ուղարկել՝ տարածքում պահվող կենդանիների վերաբերյալ։
ՍԱՏՄ-ից հրաժարվել են տրամադրել ընձուղտների քանակի մասին ճշգրիտ տվյալներ, բայց ընդհանրական պատասխանել են, որ տվյալ հասցեում պահվում են ընձուղտներ, զեբրեր, այծքաղներ, տնական այծեր, վագրեր, առյուծներ, կապիկներ, թութակներ և շնազգիներ։ Սա Գ․ Մահարի 148 հասցեում գտնվող ընձուղտների վերաբերյալ վերջին պաշտոնական տեղեկությունն է, որը մենք ունենք, քանի որ նույն թեմայի շուրջ մեր հետագա հարցերին ՍԱՏՄ-ն և ԲԸՏՄ-ն հրաժարվել են պատասխանել՝ հիմնվելով տնտեսվարող սուբյեկտի կողմից գրավոր համաձայնության բացակայության վրա։
Մեր այցելությունը «Ֆաունա Զօօ» ՍՊԸ գործող տարածք նույնպես որևէ նոր բան չտվեց։ Գ․ Մահարի փողոցը բնակելի է, սովորական երևանյան փողոց, սակայն անգամ հարևանությամբ բնակվող մարդիկ չգիտեն իրենց կողքին ապրող վայրի կենդանիների մասին։ Նրանք չեն տեսել, չեն լսել և չեն զգացել նման քանակի կենդանիների ներկայություն իրենց թաղամասում։ Սա այն դեպքում, երբ ՊԵԿ, ՇՄՆ և ՍԱՏՄ տվյալների համաձայն՝ այս տարածքում հավանաբար պահվում են 43 ընձուղտ, 20 զեբր, 49 այծքաղ, 20 կոկորդիլոս, 20 կարակալ, 20 սերվալ, 20 գենետա կատու, առյուծներ և վագրեր։
Ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-2022 թվականներին տարբեր երկրներից Հայաստան են ներմուծվել 3941 վայրի և էկզոտիկ կենդանիներ, որոնք ունեն պահպանման տարբեր կարգավիճակներ։ Ամբողջական հաշվառման բացակայության պատճառով այս կենդանիների մեծ մասի ճակատագիրը, կարգավիճակը, գտնվելու վայրը և պահման պայմաններն անհայտ են։
Ներմուծված կենդանիներից արտահանվել են միայն 703-ը, որոնք հիմնականում եղել են փոքր թռչուններ։ Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի տարածքում պետք է գտնվի 3238 ներմուծված կենդանի, բայց ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը տրամադրում է կենդանիների ներմուծման թույլտվությունները, չի տրամադրում կենդանիների գտնվելու վայրի և կարգավիճակի մասին ամբողջական տեղեկություններ։
Ներմուծված կենդանիների մի մասին՝ որպես զվարճանքի միջոցների, կարելի է հանդիպել տարբեր մասնավոր տարածքներում, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տանը, կամ «Հրաշք այգի» ռեստորանում, որի սեփականատերը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է։ Իսկ կապիկներն, օրինակ, Հայաստանում շատերի համար հեշտ ձեռքբերում են դարձել։ Ավելին՝ կենդանիների վաճառքի գործում իրենց ներդրումն ունեն նաև ինֆլյուենսերները։
«Կոնվենցիան ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե նրանց առևտուրը խթանելուն»
Հայաստան ներմուծման հիմնական գործընկեր երկրները Հարավաֆրիկյան Հանրապետությունն (18 կենդանատեսակ) ու Բենինն (16 կենդանատեսակ) են։ Աֆրիկյան այս երկրները հայտնի են հարուստ կենդանական աշխարհով, միևնույն ժամանակ՝ որսագողերով ու կենդանիների թրաֆիքինգով զբաղվողներով։
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES), ըստ վտանգվածության աստիճանի, կենդանատեսակները բաժանում է 3 հավելվածի՝ I, II և III։
I հավելվածում անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներն են, և այս նմուշների տեղափոխումը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է և՛ արտահանող, և՛ ներմուծող երկրի կողմից։
II հավելվածում ընդգրկված տեսակները վտանգված են և պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո։ ՍԻԹԵՍ արտոնագիրը տրամադրվում է միայն արտահանող երկրի կողմից։
III հավելվածում ներառված կենդանատեսակներն ավելի քիչ վտանգված են, սակայն նրանց տեղափոխումը ևս վերահսկվում և հաշվարկվում է, իսկ արտոնագիր չի պահանջվում։
2017-2022 թթ․ Հայաստան է ներմուծվել անհետացման վտանգի տակ գտնվող 9 (I հավելված) և վտանգված 32 (II հավելված) կենդանատեսակ։ Մնացած կենդանատեսակները ներառված են III հավելվածում կամ դեռևս չեն ընդգրկվել Կոնվենցիայի ցանկում։
Հաճախ Կոնվենցիայի նպատակը սխալ է ընկալվում և մեկնաբանվում հատկապես Հայաստանում և աֆրիկյան այն երկրներում, որտեղից հաճախ են կենդանիներ ներմուծում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, միջազգային փորձագետ, ՄԱԿ միջազգային կոնվենցիաների նիստերի մասնակից Մարիա Վորոնցովան պարզաբանում է․ «Այս կոնվենցիան ստեղծվել է, երբ պարզվել է, որ կենդանիներին կտրում են բնությունից և պտտում ամբողջ աշխարհով, իսկ ՍԻԹԵՍ-ը այն փաստաթուղթն է, որը այս ամենը կարգավորում է և փորձում է ինչ-որ կերպ կանգնեցնել ընթացքը։ ՍԻԹԵՍ-ը հենց միջսահմանային տեղափոխման մասին է։ Շատերը կարծում են, թե սա առևտրային կոնվենցիա է, բայց այդպես չէ։ Այն կարգավորում է սահմանների միջև տեղափոխումը և ուղղված է կենդանական աշխարհի պահպանությանը, ոչ թե առևտուրը խթանելուն։ ՍԻԹԵՍ երկրները պետք է ունենան իրենց ներքին օրենսդրությունը, որը համապատասխանում է Կոնվենցիային կամ դրանից խիստ է։ Օրինակ՝ Ավստրալիան, որտեղ թութակների շատ տեսակներ կան, ամբողջությամբ արգելել է դրանց արտահանումը և արել է դա ՍԻԹԵՍ-ի ամրապնդման համար։ Կոնվենցիան այդպիսի բան չի պահանջում, բայց Ավստրալիան հպարտանում է իր կենդանական աշխարհով և կարծում է, որ պետք չէ թութակներին հանել երկրից, քանի որ արդյունքում, որպես կանոն, ոչ մի լավ բան տեղի չի ունենում․ նրանք մահանում են»։
Մեկ այլ փորձագետի՝ EAZA (European Association of Zoos and Aquaria) կենդանաբույժ-խորհրդատու Իման Մեմարիանի կարծիքով կենդանիների առևտրում մեծ է նաև կոռուպցիոն ռիսկը․ «Ցավոք սրտի, Կոնվենցիան չի ստուգում պահման պայմանները և այն, թե արդյո՞ք երկիրն առհասարակ ունի հնարավորություն կենդանուն պահելու, թե՞ ոչ։ Այստեղ շատ կոռուպցիոն դրսևորումներ կան՝ մինչև անգամ արտոնագրի տրամադրումը»։
Կենդանիները վերավաճառում են մի քանի անգամ ավելի էժան, քան գնել են
Այն դեպքերում, երբ կենդանիների հետքը հնարավոր է լինում գտնել մաքսային տվյալների օգնությամբ, ի հայտ են գալիս կասկածելի բիզնես գործարքներ։ Օրինակ՝ 2020 թ․ Բենինից ներմուծվել են 4 աֆրիկյան մարաբուներ, որոնց ընդհանուր մաքսային արժեքը 647 400 դրամ է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն արժեցել է 168 600 դրամ։ 2021 թ․ ներմուծվել են ևս 10 մարաբուներ՝ 1 082 000 դրամ մաքսային արժեքով, յուրաքանչյուր թռչնի արժեքը՝ 108 260 դրամ։
Այս թռչուններից 7-ը արտահանվել է Ուկրաինա անհամեմատ ավելի ցածր մաքսային արժեքով՝ յուրաքանչյուրը՝ 35 800 դրամ, ընդհանուր արժեքը կազմել է 250 840 դրամ։ Այսինքն, վաճառքի գինը բազմակի անգամ ավելի ցածր է, քան ներմուծման արժեքը։
Գնի այսպիսի ճեղքվածքը վկայում է ոչ այնքան շահավետ բիզնեսի, որքան՝ բարեգործության կամ վնասի կրման։ Այս գործարքը, հավանաբար, իրականացվել է «Երզնկյան Զօօ Ցենտր» ՍՊԸ կողմից, քանի որ, ըստ արտահանման թույլտվությունների, հենց այս ընկերությունն է 2021 թ․ 7 աֆրիկյան մարաբուի վերաարտահանման թույլտվություն ստացել ՇՄՆ կողմից։
Այս հանգամանքը պետք է որ ազդանշան հանդիսանար ՊԵԿ-ի համար ավելի մանրամասն և արդյունավետ ուսումնասիրելու միևնույն օբյեկտի ներմուծման ու արտահանման տվյալները, քանի որ նման գնային տարբերությամբ ներմուծումն ու արտահանումը կարող են հարկերից խուսափելու ռիսկ պարունակել։
Ի վերջո, ո՞վ է պատասխանատուն
Վայրի կենդանիների առևտրի և դրանում Հայաստանի մասնակցության թեման կարելի է ուսումնասիրել երկար, քանի որ քիչ չեն անհետացած 43 ընձուղտների նման պատմությունները։ Վերջում, սակայն, ամենակարևոր հարցը մնում է անպատասխան․ որտե՞ղ են և ի՞նչ վիճակում են այժմ այդ կենդանիները։
Կարծես թե տեղական և միջազգային իրավական կարգավորումներն այս հարցի պատասխանը պատվիրակել են պետական մարմիններին, սակայն փաստերն այդ մասին չեն խոսում։
ՍԻԹԵՍ կոնվենցիան ամբողջ աշխարհում վայրի կենդանիների տեղափոխման ընդհանուր կանոններ և ստանդարտներ է մշակում, ինչի արդյունքում էլ ստեղծվել է երկրների ներսում թույլտվությունների տրամադրման համակարգը։ Այդ համակարգի գործունեության համար պատասխանատու են համապատասխան պետական կառույցները։ Հայաստանում համակարգող մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, իսկ գիտական ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Գիտությունների ազգային ակադեմիան։
Ակնհայտ է, որ նախարարությունը պահպանության կարիք ունեցող վայրի կենդանիների ներմուծման ու արտահանման բազմաթիվ թույլտվություններ է տալիս, ինչը կարող է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն հանդիսանալ։
Հայաստանում շատ անգամներ են արձանագրվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելու կամ մասնավոր առևտրի դեպքեր, ինչը վկայում է ՇՄՆ և մյուս պատկան մարմինների անտարբերության մասին։ Օրինակ՝ Սննդամթերքի անվտանգության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինները, որոնք հրաժարվում են տրամադրել տեղեկություններ «Ֆաունա Զօօ» ՍՊԸ տարածքում պահվող կենդանիների քանակի և վիճակի մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան, որն առանց որևէ գիտական հիմքի տրամադրել է դրական մասնագիտական եզրակացություն մեծ քանակությամբ վայրի կենդանիների ներմուծման համար, ինչպես նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը, որը թույլ է տալիս կենդանիների տեղափոխումը սահմանից սահման առանց պատշաճ վերահսկողության։
Ըստ էության, ՍԻԹԵՍ կոնվենցիան վայրի կենդանիների միջսահմանային տեղափոխման մասին է միայն և ենթադրում է, որ թույլտվությունները պետք է տրամադրվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այլ ոչ թե առևտրի և բիզնես նպատակներով։ Հատկանշական է, որ Հայաստանի պետական մարմինները չեն առաջնորդվում Կոնվենցիայի այս գլոբալ գաղափարով, այլ, հակառակը, թույլատրում և անգամ նպաստում են վայրի կենդանիների բազմաթիվ տեղափոխությունների՝ օգտագործելով ՍԻԹԵՍ թույլտվություն տալու իրենց հնարավորությունը։
Ստացվում է, որ կոնվենցիան յուրաքանչյուր երկրի հնարավորություն է տալիս ինքնուրույն սահմանել «խաղի կանոնները» և հետևել դրանց։
Անհերքելի է, որ երկրի ներսում արդեն իսկ կան մեծ քանակությամբ անազատության մեջ և վատ պայմաններում ապրող կենդանիներ, միևնույն ժամանակ, նրանց թիվը շարունակում է աճել թերի վերահկսվող այս առևտրի հետևանքով։
Հեղինակ՝ Մարիամ Տաշչյան
Ինֆոգրաֆիկաները՝ Բիբինուր Բոլոտկանովայի
Մենթոր՝ Կատյա Մամյան
Նյութը ստեղծվել է LAMPA Accelerator-ի շրջանակներում՝ Ղրղզստանի տվյալների դպրոցի աջակցությամբ։
comment.count (0)