Ես ուղիղ ասացի Նազարբաևին, որ նրա կողմնակիցների քաղաքական խաղերը քիչ էր մնում քանդեին երկիրը. Տոկաեւ |news.am|
11:37 - 03 հունվարի, 2024

Ես ուղիղ ասացի Նազարբաևին, որ նրա կողմնակիցների քաղաքական խաղերը քիչ էր մնում քանդեին երկիրը. Տոկաեւ |news.am|

news.am: Ղազախստանում իսկապես եղել են երկիշխանության մոդել պարտադրելու փորձեր, և պետք է ասեմ, որ այդ փորձերընպատակաուղղված ու կազմակերպված էին։ Այս մասին Egemen Qazaqstan թերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Նախագահը, Սահմանադրությանը համապատասխան, որոշում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, նշանակում և ազատում է պաշտոններից պետության բարձրաստիճան պաշտոնյաներին և զինված ուժերի բարձրագույն ղեկավարությանը։ Պետության ղեկավարը գերագույն գլխավոր հրամանատարն է»,- ասել է նա։

Միաժամանակ, ըստ նրա, իսկապես եղել են երկիշխանության մոդել պարտադրելու փորձեր։

«Եվ, պետք է ասեմ, որ այդ փորձերը նպատակաուղղված ու կազմակերպված էին։ «Իշխանության տարանցման» ստեղծված քաղաքական իրավիճակում քաղաքական մանիպուլյատորները ձևավորել էին իշխանությանը զուգահեռ ինչ-որ կենտրոն։ Մեր երկրում գործում էին  նախագահը և գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նախագահը՝ ի դեմս նախկին նախագահի։ Սա, ի վերջո, չէր կարող չբերել իշխանական բախման։

Ասեմ ավելին. այս իրավիճակը դարձավ հունվարյան ճգնաժամի նախադրյալներից մեկը։ Որովհետև դավադիրները փորձում էին օգտագործել երկիշխանության կամ «տանդեմի» հորինված մոդելը ի շահ իրենց։ Հավանաբար հիշում եք մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության նախկին նախարարի հայտարարություններն այն մասին, որ կարգավիճակով Ելբասին ավելի բարձր է, քան Նախագահը։ Որոշ պաշտոնյաներ հերթով վազվզում էին  աշխատասենյակներով։ Նրանք խաղում էին դրա վրա և ի վերջո տարվեցին այդ խաղով: Ավելի ուշ ես ուղղակիորեն ասացի Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևին, որ, առաջին հերթին, նրա մերձավոր գործընկերների քաղաքական խաղերը քիչ էր մնացել կործանեին երկիրը։

Ես կարծում եմ, որ ընդհանրապես չպետք է լինեն «ավագ և կրտսեր նախագահներ»։ «Հեռանալուց՝ հեռացիր»։ Սա լուրջ դաս է  ապագա սերնդի ղեկավարների համար, որոնք պետք է զգուշանան նման բաներից և միշտ մտածեն միայն պետության շահերի և հասարակության բարօրության մասին։

Ցավոք, ներքաղաքական ճգնաժամի վճռորոշ պահերին առանցքային ուժային կառույցների ղեկավարները ցույց տվեցին իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը և նույնիսկ դավաճանությունը»,- նշել է Ղազախստանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել