2023-ի ռազմական գործողության հետևանքով 17 անձ է գերեվարվել Ադրբեջանի կողմից. ՔԿ նախագահ
 |panorama.am|
10:15 - 05 հունվարի, 2024

2023-ի ռազմական գործողության հետևանքով 17 անձ է գերեվարվել Ադրբեջանի կողմից. ՔԿ նախագահ |panorama.am|

panorama.am:  «Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 գերի է պահվում Բաքվում, որոնցից 17-ը 2023 թվականի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են»,- «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունեն փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են  վերպետական ատյանների։

«22 անձի վերաբերյալ ունենք նաև ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է»,- ասել է ՔԿ նախագահը։

Քյարամյանը նաև հայտնել է, որ Քննչական կոմկիտեն նախաձեռնել է վարույթ էթնիկ զտման վերաբերյալ և արցախահայության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում։

«2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով պաշտպանության բանակը  տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։

ՊԲ-ն տվել է 244 վիրավոր, որոնցից շուրջ ութ տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում 10 անչափահաս։  Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։

Արձանագրվել են շուրջ երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- ասաց Ա.Քյարամյանը:

Նա նաև հայտնեց, որ ինչպես Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստան ճանապարհին, այնպես էլ տեղ հասնելուց կարճ ժամանակ անց մահացել են քաղաքացիներ։

«Սա պայմանավորված է հիմնականում այն մեծ հոգեբանական ազդեցությամբ, որին ենթարկվել են մեր հայրենակիցները։ Եթե թվերը ճիշտ եմ հիշում, այդ ընթացքում շուրջ յոթ տասնյակ քաղաքացիական անձ է մահացել։ Այս ամենը քննության առարկա է դառնում էթնիկ զտման վերաբերյալ հարուցված քրեական գործով, որովհետև մեր հայրենակիցների մահվան պատճառն ակնհայտ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության հետևանքով ձևավորված մոտեցումների ազդեցությունն է այս անձանց վրա»,- ասաց Ա. Քյարամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել