ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի շրջանակում Ներքին գործերի նախարարությունը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգ ներդնելու նպատակով տվել է հայտատուների ընտրության փուլի մեկնարկը։
«Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը և բնակչությանը մատուցել բարձրորակ ծառայություններ՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ու տրամադրման համար, ինչը կնպաստի պետական-մասնավոր երկարաժամկետ համագործակցության ձևավորմանը:
Այն հնարավորություն կտա սահմանել քաղաքացու փորձառության և ծառայության որակի համար համաշխարհային ստանդարտներին համապատասխան նոր չափանիշներ, բարձրացնել ճամփորդական և նույնականացման փաստաթղթերի ձեռքբերման և օգտագործման մակարդակը, նաև որդեգրել նորարարական լուծումներ՝ շարունակաբար մատուցվող ծառայությունները համապատասխանեցնելով ոլորտի լավագույն չափանիշներին:
Համաշխարհային շուկայի հետաքրքրված ընկերությունները մինչև մարտի 14-ը կարող են ներկայացնել հայտեր՝ որակավորվելու նպատակով հետագա մրցույթին մասնակցելու համար:
Հրապարակվել են ծրագրի հիմնական դրույթները, հավակնորդ հայտատուների որակավորման չափանիշները, նրանց ներկայացվող ընդհանուր պահանջները:
Հանձնաժողովը, գնահատելով ստացված հայտերը, կկազմի որակավորված հայտատուների համառոտ ցուցակ, որի շրջանակում արդեն կհայտարարվի մրցույթը»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)