azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նախքան Իսրայել մեկնելը, այսօր նախ բանակցություններ կվարի Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում՝ ձգտելով կանխել Մերձավոր Արևելքի պատերազմի ընդլայնումը, հաղորդում է Reuters-ը։
Բլինքենը կիրակի օրը Հորդանանում և Քաթարում էր։ Նա նաև կայցելի Արևմտյան ափ և Եգիպտոս:
«Սա տարածաշրջանի համար խորը լարվածության պահ է: Սա հակամարտություն է, որը կարող է հեշտությամբ մետաստազներ տալ՝ պատճառելով ավելի մեծ անապահովություն և տառապանք», - ասել է Բլինքենը՝ նշելով, որ կհորդորի Իսրայելի իշխանություններին՝ ավելին անելու՝ Գազայում քաղաքացիական զոհերը կանխելու, պաղեստինցի խաղաղ բնակիչների տուն վերադարձն ապահովելու համար։
Հորդանանի թագավոր Աբդուլլահը հորդորել է Բլինքենին՝ օգտագործել Իսրայելի վրա Վաշինգտոնի ազդեցությունը և անհապաղ հրադադար հաստատել՝ զգուշացնելով Իսրայելին շարունակվող ռազմական արշավի «աղետալի հետևանքների» մասին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել մարտերը։ «Պատերազմը չպետք է դադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել բոլոր նպատակներին՝ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) վերացում, մեր բոլոր պատանդների վերադարձ և երաշխավորում, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»,- ասել է Իսրայելի վարչապետը։
comment.count (0)