Մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին մենք պետք է հակադրենք մեր ազգային-պետական շահերից բխող իրական, արժանապատիվ խաղաղության օրակարգը․ ՀՅԴ Բյուրո
13:43 - 10 հունվարի, 2024

Մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին մենք պետք է հակադրենք մեր ազգային-պետական շահերից բխող իրական, արժանապատիվ խաղաղության օրակարգը․ ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Չարաբաստիկ 2023-ը կմնա մեր պատմության մեջ որպես հայրենազրկման ու կորստի տարի։ Դավադիր պայմանավորվածությունների ու հանցավոր անգործության արդյունքում հայաթափվեց Արցախը, ունեցանք Հայաստանի ինքնիշխան տարածքի նոր կորուստ, հարյուրավոր նվիրական զոհեր, խեղված մարդկային ճակատագրեր։ Իրադարձությունների նման ընթացքը կանխելու ջանքը ցավոք բավարար չեղավ։ Անտարբերության, սեփական ուժերի նկատմամբ թերահավատության, պառակտվածության, ազգային-պետական շահերի ստորադասման արմատացած դրսեւորումները այդպես էլ չկարողացանք հաղթահարել։ Ու դրա համար վճարեցինք շատ թանկ։

Աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական եւ ներազգային խորքային վերափոխումների ներկա հանգրվանում Հայաստանը եւ ողջ հայությունը տակավին շարունակում են կանգնած մնալ ճգնաժամի եւ լրջագույն մարտահրավերների առջեւ։ Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար հեշտ ու արագ լուծումներ չկան։ Մենք խնդիր ունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Արտաքին մարտահրավերները հնարավոր չի լինի հաղթահարել առանց ներքին մարտահրավերները հաղթահարելու։ Մեր բոլորի գերխնդիրն է նոր կորուստներ ու կենսական զիջումներ, անվտանգային իրավիճակի վատթարացում թույլ չտալը։ Այս ամենը մենք ի զորու ենք անել, եթե վերականգնենք հավատը մեր ուժերի նկատմամբ ու մեր ռեսուրսների ամբողջական գույքագրմամբ պայքարենք ու գործենք առանց հոգնելու։ Միայն այդկերպ կարող ենք կանխել կորուստների, պարտության ու ազգային նվաստացման այս կործանարար ընթացքը։ Օրվա հայրենադավ վարչախմբի ու թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեզ պարտադրվող սին «խաղաղության» օրակարգին մենք պետք է հակադրենք մեր ազգային-պետական շահերից բխող իրական, արժանապատիվ խաղաղության օրակարգը, որը կապահովի ե՛ւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու անվտանգությունը, ե՛ւ Արցախի ժողովրդի ու Հանրապետության իրավունքների պաշտպանությունը եւ ընդհանրապես մեր ժողովրդի բարօրությունը։

Արդարության, արժանապատվության եւ հավասարության արժեհամակարգերի վրա հիմնված մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը պետք է հռչակվի ազգային ռազմավարական նպատակ։

Մենք հավատում ենք մեր ժողովրդի հավաքական իմաստությանն ու ուժին եւ վստահ ենք, որ միասին կարողանալու ենք բեկել պատմության ընթացքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել