Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներով սահմանվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո` եթե գույքը գտնվում է այլ մարզերում: Սահմանափակումները չեն կիրառվի Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի համար:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ վերջին փոփոխությունն էլ վերաբերում է վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային առավելագույն սահմանաչափին, որը գործող օրենսդրությամբ սահմանված է մինչեւ 1,5 մլն դրամի չափով: Նախագծով նախատեսվում է այն նվազեցնել` սահմանելով, որ վարկառուին եւ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
Զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենալու: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք շահառու կամ մասնակից են դարձել այս համակարգին այդ պահին գործող կանոններով, կշարունակեն շահառու մնալ նույն պայմաններով մինչեւ հիպոտեկային վարկի գործողության ավարտը»,- մանրամասնել է Արման Պողոսյանը:
Փոխնախարարը հիշեցրել է, որ Երեւան քաղաքում 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացվող վարկերի մասով այլեւս հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի: Նշված ժամանակային սահմանափակումը չի կիրառվի միայն մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը շինարարության թույլտվություն ստացած բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան գնելու գործարքների համար:
Ըստ Արման Պողոսյանի` նախագծի ընդունման նպատակն է խթանել մարզերում քաղաքաշինական եւ տնտեսական ակտիվությունը, զսպել հիպոտեկային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների աճը:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ նախագծի նպատակներից է հիփոթեքային վարկերի սպասարկման գծով վերադարձվող եկամտային հարկի գումարների անշեղ աճը զսպելը երկարաժամկետ հեռանկարում: Ըստ փոխնախարարի՝ այդ համակարգի բացասական կողմը եկամուտների վերաբաշխման վրա անհամարժեք ազդեցությունն է այն իմաստով, որ համակարգից օգտվում են հիմնականում միջին ու բարձր եկամուտ ունեցողները:
«Բարձր ու միջին եկամտային խմբերում գտնվողների համար եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափն էականորեն ավելի ցածր է, քանի որ վճարում ու ամբողջությամբ կամ մասամբ հետ են ստանում, քան այն քաղաքացիների եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որոնք այս համակարգի շահառու չեն: Փաստացի կարող ենք ասել, որ եկամտային հարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում»,-ասաց Պողոսյանը:
Փոխնախարարը պատասխանել է փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին ու մտահոգություններին: Կառավարության ներկայացուցիչը չի համաձայնել այն դիտարկմանը, թե նախագիծը հապճեպ է քննարկվում. այն քննարկվում է ութ ամսից ավելի:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը փաստել է, որ համակարգի ներդրման նպատակն ի սկզբանե չի եղել բնակարանային ապահովվածությունը, այլեւ` շինարարության ոլորտի զարգացումը: Պատգամավորի կարծիքով այն ոչ միայն խթանել է շինարարության աճը, հնարավորություն ընձեռել մարդկանց ձեռք բերելու բնակարան, այլ նաեւ նպաստել է ստվերի կրճատմանը: «Մենք պետք է հասկանանք, թե որտեղ է նպատակահարմար բնակարանաշինությունը կամ շենքերի շինարարությունը խթանել: Կարծում եմ` հարցի պատասխանը պետք է ստանանք քաղաքաշինության ոլորտում քաղաքականություն մշակող մարմնից»,- ընդգծել է Բաբկեն Թունյանը: Նա առաջարկել է պատգամավորներին ընդունել նախագիծը ներկայացված տարբերակով եւ մինչեւ երկրորդ ընթերցում շահագրգիռ մարմինների հետ քննարկել պատգամավորների առաջարկները:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 10-ի նիստում, ստացել դրական եզրակացություն:
comment.count (0)