«Սիթի բայքում» ներգրավված ոստիկանին մեղադրանք է առաջադրվել, սակայն նա շարունակում է աշխատել ոստիկանությունում
 |hetq.am|
19:30 - 10 հունվարի, 2024

«Սիթի բայքում» ներգրավված ոստիկանին մեղադրանք է առաջադրվել, սակայն նա շարունակում է աշխատել ոստիկանությունում |hetq.am|

hetq.am: «Սիթի բայք»-ում ներգրավված ոստիկան Ժորա Մոսինյանը շարունակում է աշխատել Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնում։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունունից։

«Նրա արարքին անդրադարձ կկատարվի ծառայողական քննության վերջնական արդյունքներով»,- հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք՝ «Հետք»-ը գրել էր, որ Հայաստանում «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում էր ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ «Սիթի բայք»-ի սխեման նման էր ֆինանսական բուրգի։ Պարզել էինք, որ «Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Ժորա Մոսինյանը և Ասյա Գասպարյանը, որը «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերության սեփականատերն է, հաշվառված են մեկ հասցեում։ Ասյա Գասպարյանը Ժորա Մոսինյանի մայրն է։ «Հետքը» պարզել էր, որ Ժորան Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։

Դեկտեմբերին պարզվեց, որ կայքը փակվել է, մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։ Քննչական կոմիտեում «Հետք»-ի հետաքննության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 31-ին հաղորագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Հետքի» հրապարակման հիման վրա ծառայողական քննություն է իրականացվել և  պարզվել է, որ ոստիկանության ծառայողը 2023 թ. մայիսի 31-ին անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող մի ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ: 

«Բացի այդ, ոստիկանության ծառայողը նշված ընկերությունում ներգրավել է նաև մի շարք անձանց, որոնք ևս ստացել և շարունակում են ստանալ եկամուտներ: Պարզվել է նաև, որ ոստիկանության ծառայողի անվամբ բացված և նոյեմբերի սկզբից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում գործող «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գումարների փոխանցումներ՝ օրական 800 հազարից 1 միլիոն դրամի չափով:

Իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերվել տնտեսական հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, այն է՝ ոստիկանության հիշյալ ծառայողը ստեղծել և օժանդակել է ֆինանսական բուրգի մի մասի գործունեությանը, և նրա անձնական «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ճանապարհով ստացած գումարների փոխանցումներ:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- հայտնել էին ՆԳՆ-ից։

Փաստացի, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունուն իրականացված ծառայողական քննությունը և դրանց արդյունքը բավարար չեն եղել Ժորա Մոսինյանին աշխատանքից ազատելու կամ լիազորությունները կասեցնելու համար։

Ոստիկանությանը հարցրել էինք նաև՝ արդյո՞ք բացահայտվել է այն անձանց ինքնությունը և շրջանակը, որոնց ոստիկանության ծառայողը ներգրավվել է նշված ընկերությունում, և ի՞նչ քայլեր է ձեռնարկել ոստիկանությունը ֆինանսական բուրգի գործունեությունը դադարեցնելու համար։ Սակայն, մեր այս հարցերին ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունունից չեն պատասխանել։

Դատախազությունից «Հետք»-ին հայտնել են, որ ևս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է բուրգում ներգրավված ոստիկանի վերաբերյալ։ Ժորա Մոսինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետով և 441-ին հոդվածի 1-ին մասով։ 

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել