ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին․ հութիները խոստացել են պատասխանել. ինչ է հայտնի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից  |tert.am|
09:37 - 12 հունվարի, 2024

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածել են Եմենին․ հութիները խոստացել են պատասխանել. ինչ է հայտնի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:

Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։

Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:

Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հութիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին:

Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հութիների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հութիների մի շարք ռազմական օբյեկտները։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հութիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել:

Հութիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:

Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել