Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|
10:33 - 15 հունվարի, 2024

Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեան հայտարարել է պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կրել է կառավարվող գերձայնային մարտագլխիկ, արձակվել է հունվարի 14-ին։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ արձակումն իրականացվել է՝ ստուգելու սպառազինության հզոր համակարգեր մշակելու՝ երկրի գործունեությունը։ Փհենյանը շեշտել է, որ փորձնական արձակումը «չի ազդել հարևան երկրներից որևէ մեկի անվտանգության վրա և որևէ առնչություն չունի տարածաշրջանային իրավիճակի հետ»։

Ըստ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության՝ հրթիռն արձակվել է Փհենյանի շրջակայքից՝ տեղի ժամանակով ժամը 14։55-ին, անցել մոտավորապես 1000 կմ, այնուհետև ընկել ծովը։ Սեուլում կարծում են, որ ԿԺԴՀ-ի կողմից մշակվող պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն ունակ է թիրախավորել Ճապոնիայում և Գուամում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն ունեն 3000-5500 կմ հեռահարություն։

Նախորդ անգամ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր արձակել դեկտեմբերի 18-ին։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրթիռի արձակումն անվանել է «ակնհայտ սադրանք», որը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնցով ԿԺԴՀ-ին արգելվում է բալիստիկ հրթիռի տեխնոլոգիա օգտագործել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել