Եթե քաղաքացին չցանկանա կամ չկարողանա ծառայել, ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ. Հայկ Սարգսյան |1lurer.am|
11:26 - 16 հունվարի, 2024

Եթե քաղաքացին չցանկանա կամ չկարողանա ծառայել, ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ. Հայկ Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 16-ի Ազգային ժողովի նիստը մեկնարկեց նախորդ օրն անավարտ մնացած նախագծի քննարկմամբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հեղինակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, հարցի երկրորդ ընթերցման շրջանակում ներկայացրեց մի քանի հիմնավորում, թե ինչու պետք է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունումը նախ հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին, ծառայելով ԶՈՒ-ում և կամ գումար վճարելով, ազատվել քրեական պատասխանատվությունից: Եթե քաղաքացին ծառայի երկու տարի, նա գումար չի վճարի:

«Եթե չցանկանա կամ չկարողանա ծառայել, ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2004 թվականին ընդունված և Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին գործած այն օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից:

Ձեր ժամանակ 1 զորակոչին չներկայացած-չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակում նա պետք է վճարի 15 միլիոն դրամ կամ 15 անգամ ավելի»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Երկրորդ հիմնավորումը, ըստ պատգամավորի, այն է, որ նախագծով լուծվում է հաշվառման չկանգնած քաղաքացիներին ծառայության տանելու հարցը: Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք հաշվառման չեն կանգնում մինչև 27 տարին լրանալը, հետևաբար չեն ծառայում: Ըստ Հայկ Սարգսյանի՝ «հետաքրքիր զուգադիպությամբ» նրանք բոլորը ներկայանում և հաշվառման են վերցվում 27 տարին լրանալուց հետո՝ ազատվելով ծառայելու պարտավորությունից:

«Նախագծի ընդունման դեպքում նրանք նույնպես ստիպված կլինեն ծառայել, եթե անգամ հաշվառման վերցվեն 27 տարին լրանալուց հետո: Այս փոփոխությունը նույնպես կհամալրի ԶՈՒ շարքերը և լրացուցիչ ֆինանսական մուտքեր կապահովի պետական բյուջե»,- ասաց նա:

Գործող կարգավորման համաձայն՝ այն անձինք, որոնք մինչև հաշվառման վերցվելը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից և ՀՀ քաղաքացիության են դիմում ու ստանում 27 տարին լրանալուց հետո, չեն ծառայում: Նաև այն անձինք, որոնք դիմում են և ստանում են ՀՀ քաղաքացիություն 27 տարին լրանալուց հետո, նրանք նույնպես չեն ծառայում: Սա, ըստ Հայկ Սարգսյանի, անարդարացի կարգավորում է:

«Օրենքի ընդունմամբ այս խումբ անձինք նույնպես պարտավոր կլինեն ծառայելու կամ գումար վճարելու պետբյուջե,- ասաց նա, ապա հավելեց,- նշված հիմնավորումներին հակափաստարկ չկա: Պետության շահն ասում է, որ այս օրենքին պետք է քվեարկեն բոլոր այն պատգամավորները, ում համար առաջնային է պետական շահը: Այսպիսով՝ սիրո՞ւմ ես հայրենիքդ, կո՛ղմ քվեարկիր անգամ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորի այն նախաձեռնությանը, որն ի շահ քո պետության է»:

Նախագծին առնչվող առաջարկ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսվում է, որ պարտադիր զինծառայությունից ազատվում են նաև այն քաղաքացիները, որոնք մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել են այլ պետության ԶՈՒ-ում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել են այլընտրանքային ծառայություն, սակայն կան այլ շատ դեպքեր, երբ այլ պետության՝ ազգությամբ հայ քաղաքացին անչափահաս տարիքում ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, բայց մշտապես բնակվում է իր պետությունում, այնտեղ անցնում է զինվորական ծառայություն, 12 ամիս կամ 18 ամիս, ինչպես նշված է օրենքում, բայց ակամա, 18 տարին լրանալուց հետո հայտնվում է հետախուզման մեջ ՀՀ-ում:

«Կարծում եմ՝ այս խնդիրը պետք է լուծվի և լուծվի մեր օրենքի շրջանակներում, այսինքն՝ ես առաջարկում եմ, որպեսզի այդ կատեգորիան ևս ազատվի ՀՀ ԶՈՒ-ում ծառայելու պարտականությունից»,- ասաց Թորոսյանը՝ նկատելով՝ նման մարդիկ շատ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել