Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին |tert.am|
09:09 - 17 հունվարի, 2024

Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է Ադլ» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պակիստանին իրանական հրթիռային հարվածի թիրախ են դարձել բելուջական անջատողականների կողմնակից «Ջեյշ ալ Ադլի» («Արդարության բանակ») շարժման շտաբները։

Դեկտեմբերի կեսերին «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը ներխուժել էր Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունք, ինչի հետևանքով 11 ոստիկան էր մահացել։

Միջադեպից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլայանը և Պակիստանի իր գործընկեր Ջալիլ Աբբաս Ջիլանին քննարկել էին երկու հարևանների միջև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները:

Ջիլանին նաև դատապարտել էր ահաբեկչությունը՝ այն բնութագրելով որպես ընդհանուր սպառնալիք Իրանի, Պակիստանի և ավելի լայն տարածաշրջանի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել