azatutyun.am: Հայաստանի վարչապետի՝ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ առաջարկին արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանից հրապարակավ չեն արձագանքել:
Նիկոլ Փաշինյանն իր այս նոր գաղափարի մասին բարձրաձայնեց հունվարի 13-ին կուսակիցների հետ հանդիպմանը, երբ արձանագրեց, որ Բաքվից ամենաբարձր մակարդակով հնչած հայտարարությունները «լրջորեն հարվածում են խաղաղության գործընթացին»: Վարչապետը մտահոգված էր՝ խաղաղության բանակցություններում Ալիևը հայկական առաջարկները մերժում է, դեմ է զորքերի հայելային հետքաշմանը, չի ընդունում սահմանային շրջանները ապառազմականացնելու գաղափարը:
«Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որՀայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն, և մեկը մյուսի՝ այդ պայմանավորվածությունների կատարման վերահսկելու հնարավորություն ունենան», - ասել էր նա։
Վարչապետի առաջարկին նախորդել էին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները: Ալիևը մոտ մեկ շաբաթ առաջ տված հարցազրույցում կրկին պահանջում էր «Զանգեզուրի միջանցք», խոսում ոչ միայն անկլավների վերադարձից, այլև պնդում, թե 44-օրյայից հետո օկուպացված հողերից հետ չեն գնա, մերժում միջազգային երաշխավորի հայկական առաջարկը: Համաձայն չեն նաև սահմանազատումը 1975 թվականի քարտեզներով իրականացնելուն:
Այս պայմաններում սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու վարչապետի առաջարկը որքանո՞վ է իրատեսական, և հնարավո՞ր է հայկական կողմն այն դարձնի բանակցություններում քննարկման հարց: Իշխանական պատգամավորներն այսօր հրաժարվում էին այս հարցին պատասխանել: Փոխարենը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդեց, թե այդ նոր առաջարկով Նիկոլ Փաշինյանը փորձում է ներքին լսարանին համոզել, թե խաղաղության գործընթացը ձախողված չէ:
«Ադրբեջանը Փաշինյանի որևէ առաջարկություն երբեք չի ընդունել, հիմք ունենալ ենթադրել, որ ինքը թղթի վրա կհամաձայնի և գործնականում կսահմանափակի սպառազինությունները, անտրամաբանական է։ Մի քանի ամիս առաջ ինքը 1.2 միլիարդի նոր զենք գնելու պայմանագիր է կնքել Իսրայելի հետ, հիմա ի՞նչ Ալիևը պիտի ասի՝ պարտված Փաշինյա՛ն, դու ինձ ասես՝ ես քանի տանկ, քանի անօդաչու թռչող սարք, քանի ինքնաթիռ և ինքնաձիգ պետք է ունենամ։ Կատակ է՞ անում, ո՞ւմ է Փաշինյանը ծաղրում», - ասաց պատգամավորը։
comment.count (0)