Ստեղծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հանձնախումբ, որը կղեկավարի Վարդան Օսկանյանը
15:23 - 18 հունվարի, 2024

Ստեղծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հանձնախումբ, որը կղեկավարի Վարդան Օսկանյանը

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը կղեկավարի նոր ձևավորված՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նախկին արտգործնախարարը։

Ըստ Օսկանյանի՝ Հանձնախումբը ստեղծվել է Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ:

«Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։ Ես համոզված եմ, որ այս հարցի հետապնդումը և իրականացումը կնպաստի իրական խաղաղության հաստատմանը մեր ժողովուրդների միջև»,- գրել է նա։

Ըստ Օսկանյանի՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն անհնար է, երբ հայ ժողովրդի մի հատվածը բռնի տեղահանված է իր բնօրրանից, իսկ Հայաստանին պարտադրվում է ստորադաս «խաղաղություն»՝ նոր կորուստների սպառնալիքով․ «Նման «կայունությունը» չի կարող մշտական լինել։ Խնդրի միայն հավասարակշռված լուծումը, որը ներառում է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, կարող է բերել տևական ու կայուն խաղաղություն»։

Հանձնախումբը ևս այսօր լրատվամիջոցներին հաղորդագրություն է ուղարկել իր ստեղծման մասին։

«Գործունեության մեկնարկի, Հանձնախմբի անդամների և այլ մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ առաջիկա օրերին: Ակնկալում ենք, որ արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող անհատները, խմբերն ու հաստատությունները կհամագործակցեն համապատասխան լիազորություն ստացած այս Հանձնախմբի հետ»,- նշվում է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել