lragir.am: Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բալային համակարգի ներդրումը պայմանավորված է 7 օրենսդրական ակտերի ընդունմամբ: Փոփոխություններ են արվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում և այլն: Օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած, յուրաքանչյուր անձ, ով ունի վարորդական վկայական՝ կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ:
1 տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով:
Կան որոշ բալեր վերականգնելու հնարավորություն: Սպառված բալերի մնացորդային նիշը, եթե հասել է 3 և պակաս բալ, ապա անձն իրավունք ունի իր ցանկությամբ հանձնել տեսական քննություն և իր ունեցած բալերին ավելացնել ևս 2-ը:
Ճանապարհային երթևեկության մոտ 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսվել են 25-ի համար: Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարմամբ առավելապես պայմանավորվում են հատկապես ծանր հետևանքով ՃՏՊ-ները կամ այն պատահարները, որոնց հետեւանքով երթևեկության ժամանակ լինում են խցանումներ:
Բալային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ խախտումների որոշ տեսակներ քրեորեն պատժելի են, և դրանց թվին ավելացել են առանց իրավունքի վարելը (եթե իրավունքը վերցրել են վարորդի ձեռքից), կասեցված վարորդական իրավունքով վարելը (եթե դա տարվա մեջ երկրորդ դեպքն է):
Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում նաև փաստացի վարորդի մասին տվյալներ տրամադրելու պահանջը այն դեպքում, եթե մեքենայի սեփականատիրոջ մոտ վարորդական իրավունք չկա: Կա օնլայն գրանցման, ինչպես նաև ամեն օր տեղեկացնելու հնարավորություն, եթե մեքենան վարում է մի քանի վարորդ, օրինակ` հայրը որդիների հետ: Եթե փաստացի վարորդը հայտնի չէ, և մեքենայի հաշվին կա 3 և ավելի խախտում, որոնք ընդգրկված են բալային համակարգում, մեքենայի նկատմամբ հետախուզում է հայտարարվում մինչ վարորդի ինքնությունը հաստատելը:
Որոշ խախտումների դեպքում նախատեսված է պատժամիջոց մեկ տարով իրավունքի զրկման տեսքով: Նման խախտումների թվում են ոստիկանության, շտապօգնության լուսաձայնային ազդանշանների անօրինական օգտագործումը, առանց համարանիշների կամ կեղծ համարանիշներով վարելը (նախկինում սահմանվում էր 200 հազար դրամի չափով տուգանք), «դեղին համարանիշների» անօրինական օգտագործում, ՃՈ աշխատակցի՝ կանգնելու պահանջին չենթարկվելը: Արբած վիճակում տաքսի և տրանսպորտ վարելը նախատեսում է իրավունքի զրկում կես տարով: Տաքսիի և տրանսպորտի վարորդների կողմից թմրանյութերի օգտագործումը ենթադրում է իրավունքի զրկում 2 տարով:
Վարորդը 4 բալ է կորցնում 51-80 կմ/ժ արագությունը գերազանցելու, հարբած վարելու համար (ընդ որում՝ կրկնակի նվազեցվել է թույլատրելիի շեմը): 3 բալ համարանիշների չթույլատրված փոխանցման (ընդ որում՝ 5 անգամ կրճատվել է տուգանքի չափը), միակողմանի ճանապարհով հանդիպակաց ուղեմասով երթեւեկության, 31-50 կմ/ժ արագության գերազանցման համար (ընդ որում՝ տուգանքի չափը 4 անգամ նվազեցվել է): Վարորդը 2 բալ է կորցնում համարների հետ կապված խորամանկությունների համար, նույնիսկ եթե ծածկված լինի համարի թեկուզ մեկ թիվը:
Վարորդները մեկական բալ են կորցնում բաժանարար գծերի խախտումների, սխալ շրջադարձերի եւ հետ շրջվելու, խաչմերուկով, հետիոտնային անցումներով երթեւեկելու կանոնների խախտումների, վազանցման, վարելու ժամանակ ծխելու դեպքում:
comment.count (0)