Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով՝ նշելով, որ Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։
Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը»։
Կաթողիկոսն ընդգծել է, որ մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը, և աղետալի ողբերգությունների, Լեռնային Ղարաբաղի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պետք է սատարել բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։ «Գոհությամբ ենք հաստատում, որ մեր հոգևոր սպասավորները հովվական խնամքի համար եղել են և լինելու են Հայոց բանակի սպաների ու զինվորների կողքին, որպեսզի զորացնեն ոգին մեր քաջարի մարտիկների և ամուր պահեն նրանց հավատքն ու հույսն առ Աստված։
Այսօր մենք մտահոգ ենք աշխարհում առկա լարված ու պատերազմական իրավիճակի, մասնավորապես մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Հավատն ունենք, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կարող կլինենք դիմակայել մարտահրավերներին և հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը։
Եռաբլուրում, հայրենիքի սրբազան հողում ամփոփված մեր նահատակների քաջարի սխրանքը և լույս հիշատակը թող մեզ համար դառնան սրբազան ավանդ՝ աննվազ պահելու հայրենյաց սերը և նվիրումը, մեր ցավն ու վիշտը դարձնելու ուժ ու վճռականություն հանուն մեր հայրենյաց շենացման ու բարգավաճման»,- նշել է Գարեգին Բ կաթողիկոսը՝ հավելելով. «Բանակի այս նվիրական օրը աղոթում ենք հանուն հայրենիքի զոհված հերոս հայորդիներիհոգիների հանգստության համար և հայցում շուտափույթ վերադարձ գերյալ հայորդիներին ու անհայտ կորածներին։ Թող Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին և Իր խնամքի ներքո օրհնի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»:
comment.count (0)