civilnet.am: Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը որոշել է բավարարել «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքի հայցն ընդդեմ Կադաստրի կոմիտեի։ «Վիվառո»-ի սեփականատերերից Վահե Բադալյանի որդին՝ Ռոման Բադալյանը, 2022-ին ձեռք էր բերել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պատկանող, Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու թանկարժեք բնակարաններն ու երկու ավտոկայանատեղիները։ Կադաստրի կոմիտեն հրաժարվել էր այս գույքերի նկատմամբ գրանցել Բադալյանների սեփականության իրավունքը։ Դրանից հետո Ռոման Բադալյանը դատական գործընթաց էր սկսել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով չորս գույքերի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը։ Հայցը բավարարվել է։
Վիգեն Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայի այս բնակարանների մասին ՍիվիլՆեթը գրել էր 2022-ի նոյեմբերին։ 2019-ից այս գույքերի օրինականությանն առնչվող քրեական գործ էր հարուցվել, բայց քննչական մարմինները բնակարանները կալանքի տակ չէին վերցրել։ Դրա մասին «հիշել էին» միայն Վիգեն Սարգսյանի կողմից բնակարաններն ու ավտոկայանատեղիները Բադալյաններին վաճառելուց մեկ օր հետո, երբ արդեն գործարքն ավարտված էր։
Երկու բնակարանների արժեքը գերազանցում էր 2,5 միլիոն դոլարը։ Բնակարանների արժեքը ԱՄՆ-ում բնակվող Վիգեն Սարգսյանին հասցնելու համար «Արդշինբանկ»-ում բացվել էր հաշիվ, որն էլ գումարը պիտի փոխանցեր ամերիկյան «Քեմբրիջ թրասթ» բանկում Վիգեն Սարգսյանին պատկանող հաշվեհամարին։ Կադաստրի կոմիտեն հրաժարվել էր գույքերի նկատմամբ գրանցել Ռոման Բադալյանի իրավունքը։ Կոմիտեն դա հիմնավորում էր այն հանգամանքով, որ գույքերի նկատմամբ կիրառվել է կալանք Քննչական կոմիտեի կողմից, մինչդեռ Ռոման Բադալյանի ներկայացուցիչը պնդել է՝ Բադալյանը գործել է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կարգավորման համաձայն, իսկ Կադաստրի կոմիտեի գործողությունները խոչընդոտ են Բադալյանին՝ իր սեփականությունն իրացնելու համար։
Դատավոր Արթուր Ծատուրյանը բնակարանների նկատմամբ Բադալյանի իրավունքը գրանցելու որոշումը հիմնավորել է նաև այն հանգամանքով, որ նրանք ավելի վաղ են ներկայացրել սեփականության գրանցման դիմումը, քան գրանցվել է Քննչականի կալանքի որոշումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)