Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին Գրիգոր Մինասյանը պահանջում է կարգապահական տույժի ենթարկել․ հիմքում  «ՀԺ-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռն է
 |factor.am|
20:30 - 29 հունվարի, 2024

Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին Գրիգոր Մինասյանը պահանջում է կարգապահական տույժի ենթարկել․ հիմքում «ՀԺ-ն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճիռն է |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց ՄԻԵԴ վճռի հիմքով 4 դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը։ Դատավորներից մեկը ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանն է, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի սանիկն է, ևս երկուսը նույն դատարանի դատավորներ են՝ Ռուզաննա Հակոբյանը, Հովսեփ Բեդևյանը, մեկն էլ Վարչական դատարանի դատավոր՝  Արգիշտի Ղազարյանը։ Քրիստինե Մկոյանն ու մյուս երեք դատավորներն իրեն կարգապահական գործով նիստին չէին ներկայացել և ոչ էլ ներկայացուցիչներ էին ներգրավել։

Նրանք ԲԴԽ-ին գրություն էին ուղարկել ու խնդրել նիստն առանց իրենց մասնակցության անցկացնել։ Այսպիսի կարգավորում թեև օրենքով նախատեսվում է, բայց առնվազն տարակուսելի է, թե ինչո՞ւ դատավորներին չի հետաքրքրել  կարգապահական գործով իրենց լսված լինելու իրավունքն իրացնելը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ կարգապահական վարութը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով, և ԲԴԽ-ն մի քանի դատավորի լիազորություն արդեն իսկ դադարեցրել է այս հիմքով հարուցված կարգապահական վարույթներով։

Կարեն Անդրեասյանն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Նիստի մեկնարկին Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ինքն ու Քրիստինե Մկոյանն ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել։ Անդրեասյանն իր ինքնաբացարկի միջնորդությունը պարզաբանել էր նրանով, որ ինքն ու Մկոյանը երկար տարիների անձնական և ընտանեկան շփումներ ունեն, և այս վարույթին իր մասնակցությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկածներ հարուցել այս գործով իր անաչառության վերաբերյալ։

Քրիստինե Մկոյանն էլ պատճառաբանել էր, որ կարգապահական վարույթն իր վերաբերյալ է և չի կարող որպես անաչառ դատավոր մասնակցել դրա քննությանը։  ԲԴԽ-ն որոշեց երկու միջնորդություններն էլ բավարարել։ Նիստը շարունակեց նախագահել ԲԴԽ կազմից ավագը՝ Նաիրա Հովսեփյանը։ ԲԴԽ ևս մեկ անդամ՝ Արթուր Աթաբեկյանը չէր մասնակցում գործի քննութանը։

Նա,  ըստ ԲԴԽ-ի, չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով։  ԲԴԽ-ում ևս մեկ տեղ՝ գիտնական անդամի, թափուր է։ Այսպիսով՝ միջնորդության քննությունն իրականացվեց 6 դատավորի կազմով՝ Վիգեն Քոչարյան, Երանուհի Թումանյանց, Հայկ Գրիգորյան, Նաիրա Հովսեփյան, Արշակ Վարդանյան, Էդգար Հովհաննիսյան։ Կարգապահական վարույթի առիթը «Հայկական ժամանակն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն է Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը ներկայացրեց  դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ Ինչպես պարզվեց՝ կարգապահական վարույթը հարուցվել է «Դարեսկիզբ ՍՊԸ-ն (Հայկական ժամանակ) ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում։ Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ 

«Դարեսկիզբ ՍՊԸ»-ն վարչական դատարանում  վիճարկել է 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահի հրամանագիրը,  մասնավորապես՝ տվյալ ենթաօրենսդրական ակտի համապատասխանությունը օրենքներին, սակայն Վարչական դատարանը, հետագայում նաև՝ դատական ակտը ստուգման ենթարկած ատյանները, դիրքորոշում են հայտնել, որ տվյալ գործը ենթակա չէ քննության Վարչական դատարանում, քանի որ հայցադիմումով բարձրացվում է սամանադրականության հարց։

Սա այն դեպքում, երբ ըստ նախարարության, ՍՊԸ-ն սահմանադրականության հարց բարձրացրած  չի եղել, ավելին, նախարարության գնահատմամբ դատավորները քաջ գիտակցել են, որ այդ վարույթի շրջանակներում, այն ժամանակ գործող իրավակարգավորումների համաձայն, քաղաքացին Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չէր կարող ունենալ։

Այունամենայիվ, «Դարեսկիզբ ՍՊԸ»-ն  դիմել է Սահմանադրական դատարան, ու ՍԴ-ն դիմումը մերժել է այն հիմնավորմամբ, որ դիմումատուն Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ, բացի այդ՝ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով անհատական գանգատ ներկայացնելու հնարավորությունը բացակայում է, և ՍԴ-ում կարող էր միայն օրենքի սահմանադրականության հարց  բարձրացվել։

Այսպիսով՝ Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ դատավորների կողմից թույլ են տրվել ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի և իրավահարաբերությունների ծագման  պահին գործող Վարչական դատավարության օրենսգրքի հոդվածների խախտումներ, որոնք  կատարվել են կոպիտ անփութությամբ։ Նշենք, որ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով երաշխավորվում է արդար դատաքննության իրավունքը, տվյալ դեպքում, ըստ ՄԻԵԴ-ի, խախտվել է դատարանի մատչելիության իրավունքը։

Այս գործը ՄԻԵԴ վճռից հետո վերաբացվել է և այժմ քննվում է դատարանում, սակայն, անկախ դրա ելքից, Արդարադատության նախարարության դիրքորոշումն այն է, որ 2008-ին Վարչական դատարանն ակնհայտորեն իրավասու է եղել քննել գործը, սակայն այն վարույթ չի ընդունել։ ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանը հիշեցրեց, որ դատավորներին 2008 թվականին թույլ տված ենթադրյալ կարգապահական խախտում է վերագրվում, ու թեև այն ժամանակ գործող Դատական օրենսգիրքը ևս ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական վարույթ հարուցելու նորմ նախատեսում էր, բայց այն ժամանակվա կարգավորումների համաձայն՝ կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ ակտի ուժի մեջ մտնելուց հետո անցել էր 1 տարի։ Այս ժամկետը օրենսդրական փոփոխությունների հետևանքով նախ դարձել է 8, իսկ այժմ՝ 15 տարի է։ 

Վարդանյանը հարցրեց՝ արդյոք գործ չունե՞նք անձի վիճակը վատթարացնող օրենքի հետ, ինչին ի պատասխան Արտյոմ Սուջյանը նշեց, որ այս հարցին բազմիցս անդրադարձ կատարվել է, այդ թվում՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա հարուցված ու ԲԴԽ-ում նախկինում քննված այլ գործերով։ Ըստ Սուջյանի՝ նախարարության դիրքորոշումն այն է, որ Արդարդատության նախարարությունը պարտավոր է օրենքով առաջնորդվել ու վարույթ հարուցել, մնացած հարցերը նախարարության իրավասության տիրույթում չեն, ավելին՝ Խորհուրդն իր հերթին  նախկինում իրավաչափ է համարել ՄԻԵԴ վճռի հիմքով ներկա կարգավարումների համաձայն կարգապահական վարույթի հարուցումը։ Վարդանյանը նաև նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է խորհրդի առնվազն 3 անդամի միջնորդության հիման վրա։

Այս դեպքում, փաստորեն, Քրիստինե Մկոյանը ԲԴԽ անդամ է, բայց նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատոթյան նախարարությունը։ Վարդանյանը հարցրեց՝ արդյո՞ք այս իրավիճակում նախատեսված է հատուկ ընթացակարգ, թե՞ ոչ։ Արտյոմ Սուջյանը պատասխանեց, որ առաջին անգամ է ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանտության ենթարկելու հարց բերվում ԲԴԽ։ Ըստ Սուջյանի՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե դատավորի վարքագծի կանոնի խախտման, այլ դատավարական խախտման հետ, որի դեպքում հատուկ ընթացակարգ չի սահմանվում և պետք է առաջնորդվել ընդհանուր կանոններով։

Բացի այդ՝ ըստ Սուջյանի՝ թեև Քրիստինե Մկոյանն այժմ ԲԴԽ անդամ է՝ նրան վերագրվող ենթադրյալ արարքը կապված է ոչ թե ԲԴԽ անդամի, այլ  նրա՝ դատավորի լիազորությունների իրականացման հետ։ Այսպիսով՝ ամփոփելով խոսքը՝ Արտյոմ Սուջյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունն ունի  լիազորություն՝ այս իրավիճակում ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու։

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել