news.am: Այո, մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, դրանց թվում էին «Արմենիա», «ATV», «FreeNews», «Դար 21», նաեւ մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Մի մասը պարտքերը փակել է, մյուս մասը ժամանակացույց են ստեղծել եւ ըստ դրա փակում են: Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «FreeNews»-ը, եւ ինչքան գիտենք, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,- ասաց նա:
Տիգրան Հակոբյանի խոսքով, իրենք չեն պատրաստվում այստեղ մեղադրել հեռուստաընկերություններին. «Առիթ է ներկայացնել այն շատ տխուր պատկերը, որն այսօր կա հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունների համար: Նույնիսկ «Արմենիան», որ ժամանցային էր, ուներ մեծ լսարան եւ բավականին մեծ գումարներ էր աշխատում, շահույթ ուներ, նույնիսկ այդ հեռուստաընկերությունն այսօր աշխատում է վնասով: Վնասով են աշխատում բոլոր հեռուստաընկերությունները»,- նշեց ՀՌՀ նախագահը:
Անդրադառնալով պատճառներին, Տիգրան Հակոբյանն ասաց. «Նախ, հեռուստաընկերություններն արդեն մենաշնորհ չունեն, դիտելիությունն ընկնում է եւ գովազդատուները շատ ժամանակ նախընտրում են այլ հարթակներ: Մեր հաշվարկներով ամեն տարի 3-5 տոկոս հեռուստաընկերությունների դիտելիությունը ընկնում է:
Ամբողջ աշխարհում մեխանիզմներ են գտել, որպեսզի հանրային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունները նորմալ շահույթով աշխատեն, մեզ մոտ գնաց լրիվ հակառակ: Մի քանի տարվա մեջ Հանրայինին տվեցին գովազդի իրավունք, որին հանձնաժողովը դեմ էր: Օրինակ, 2023-ին Հանրային հեռարձակողը գովազդեի միջոցով աշխատեց 700 մլն դրամ: Դա նշանակում է, որ այդ գումարի մեծ մասը գնաց այլ հեռուստաընկերություններից:
Երկրորդը, 2022-ին ուժի մեջ մտավ շահումով խաղերի գովազդի արգելքը: Շատ ճիշտ էր, բայց մենք առաջարկում էինք, որ այդ արգելքը չգործի գոնե 1-2 տարի հեռուստաընկերությունների համար, որովհետեւ երբ հեռուստաընկերությունները ստանում էին իրենց լիցենզիաները, նրանք հաշվարկում էին, որ նաեւ այդտեղից պետք է փող ստանան: Դրա հետեւանքով հեռուստաընկերությունները կորցրեցին եւս 800-900 մլն դրամ գումար»:
Այս իրավիճակից դուրս գալու համար Տիգրան Հակոբյանը ելքեր առաջարկեց. «Ամբողջ աշխարհում հանրօգուտ հաղորդումներ նկարահանելու համար ստեղծվում են մասնավոր կամ պետական ֆոնդեր, որոնց միջոցով ֆինանսավորում են հեռուստաընկերություններին՝ մշակութային, կրթական, մանկական հաղորդումներ ստեղծելու համար: Օրինակ, աշխարհում շատ լավ մի մուլտսերիալ կա, մոտ 200 սերիա, որը երեխաների ունակությունները բարձրացնում են: Թող տան այդ գումարը, որակյալ հայերեն թարգմանեն եւ հեռուստաընկերությունները կարողանան օգտվել այդ գումարներից»:
comment.count (0)