news.am: Այն, ինչ թույլատրված է մեր հայրենի հեռարձակողներին, չի կարող թույլատրված լինել օտարներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Անդրադառնալով նրան, որ ՀՌՀ-ն դեկտեմբերին 30 օրով դադարեցրեց «Տոսպա» ընկերության լիցենզիայի գործունեությունը, որը հեռարձակում էր «Սպուտնիկ ռադիոն», Տիգրան Համոբյանն ասաց. «Մենք ձեւավորում ենք մեր Հայաստանը, իր տեղեկատվական օրակարգը՝ իր քննադատությամբ, իր լուսաբանմամբ, բայց Հայաստանը որպես սուվերեն պետություն չպետք է թույլ տա, որ մեկը՝ նստած օտար ափերում ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, ՀՀ ղեկավարությանը՝ անկախ նրանից, մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե ոչ:
Երկրորդը, կար նաեւ օրենքի խախտում, բռնության կոչեր, սպառնալիքներ, բառամթերք, որը նույնիսկ մենք փորձեցինք որոշման մեջ շատ չծավալվել, որովհետեւ տհաճություն էր պատճառում: Տեսնելով դա, մենք վարույթ հարուցեցինք, եւ մեզ այլ բան չէր մնում, քան 30 օրով կասեցնել Սպուտնիկ ռադիոյի հաղորդումները, որը հեռարձակում է «Տոսպա» ռադիոընկերությունը:
«Տոսպա» ընկերությունն իր հայտարարության մեջ նշեց, որ դատապարտում է այդ բովանդակությունը եւ մեր վարչական վարույթ բացելու հաջորդ օրը իր եթերից հանեց Տիգրան Քեոսայանի հետ հաղորդումը:
Նաեւ ՌԴ-ից պատվիրակություն եկավ եւ մեր բանակցությունների արդյունքում նրանք նույնպես ափսոսանք արտահայտեցին նման բառամթերքի համար, ասացին, որ դա չի համապատասխանում իրենց խմբագրական քաղաքականությանը: Այսինքն բոլոր հիմքերը ստեղծեցին, եւ քանի որ խնդրահարույց հաղորդումը հանված էր, մենք 30 օր հետո վերականգնեցինք Սպուտնիկ ռադիոյի հաղորդումները եւ «Տոսպա»-ի վերահեռարձակման իրավունքը»,-ասաց նա:
Տիգրան Հակոբյանը նաեւ հավելեց, որ դրանից հետո «Տոսպա»-ն դիմել է դատարան. «Իրենք գտնում են, որ այո, իրենք սխալ են թույլ տվել եւ դատապարտում են բովանդակությունը, սակայն նրանք համարում են, որ Հանձնաժողովի որոշումը ադեկվատ չէր, ավելի կոշտ էր, քան արարքը: Մենք գտնում ենք, որ այդպես չի:
Ես իրենց առաջարկեցի ընդամենը այդ հողորդումներում «հայ ժողովուրդ» արտահայտությունը փոխարինել «ռուս ժողովրդով», փոխարինել մեր ղեկավարի անունը իրենց ղեկավարի անունով եւ Հայաստանը՝ Ռուսաստանով, եւ նույն բովանդակությունը տարածել Մոսկվայում: Քանի՞ ժամ դրանից հետո կապրեր այդ հեռուստա կամ ռադիոընկերությունը:
Մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ «թեժ գծի» պես մի բան կսարքենք, կփորձենք ցանկացած օրենքի խախտում լինելու դեպքում խնդիրը արագ լուծել: Համոզված եմ, որ մոտ ապագայում նման բաներ չեն լինի, քանի որ ինձ հավաստիացրել են, որ իրենց խմբագրական քաղաքականության մեջ բավականին մեծ փոփոխություններ են մտցրել»,- ընդգծեց ՀՌՀ նախագահը՝ հավելելով, որ գուցե «Ստուտնիկ ռադիոն» հեռարձակի մեզ համար անընդունելի բովանդակություն, բայց դա չի հեռարձակվի Հայաստանի տարածքում:
comment.count (0)