factor.am: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարություն է տարածել՝ քննադատելով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը։
Նա նշել է, թե Ադրբեջանը, որը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականից, իր գործունեությամբ և անցած ժամանակաշրջանում համագործակցությամբ «ոչ միայն էական ներդրում է ունեցել այս կազմակերպության հիմնարար սկզբունքների իրականացման գործում, այլև առաջատար դեր է խաղացել»։
«Այս որոշումը նշանակում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի բացառում ԵԽԽՎ-ի աշխատանքից։ Այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը, քաղաքական վեճերն ու հակամարտություններն աճում են ամբողջ աշխարհում, բազմակողմ դիվանագիտությունը չպետք է կորցնի իր ուժն ու դիրքը։ ԵԽԽՎ-ն պետք է պահպանի իր գոյությունը՝ որպես երկխոսության և համագործակցության հիմք, այլ ոչ թե կոնֆլիկտային տարածք։ Մենք՝ որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողով, կոչ ենք անում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին վճռականորեն պաշտպանել իր կողմից պաշտպանված սկզբունքները, լինել միավորող, ոչ թե պառակտող հարթակ և հաստատել Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության լիազորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։
comment.count (0)