Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ․ Ալմա-աթայի հռչակագրով, ուտի մնացել է միայն տեխնիկական աշխատանքը․ «Քարտեզների և գետնի վրա վերարտադրել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991թ․ դրությամբ դե յուրե առկա սահմանը դրանց իրավական հիմքերը վերհանելու միջոցով և լուծել հարցը»։
ՀՀ վարչապետի խոսքով նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև, այսպես կոչված, էքսկլավ անկլավների հարցը։
«Ասենք Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել նրա սահմանը և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը։ Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։ Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին և սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։ Այսինքն՝ 2 տարբերակ կա, որ նախ ամբողջ սահմանով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը, երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կոտր սահմանագծումով գնում ենք առաջ։ Ըստ էության 2 տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են ընդունված սկզբունքների շրջանակում»,- ասաց նա։
Բայց, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը կարծես խուսափում է նաև այս տարբերակից․ «Եվ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ։ Եվ այդ պատճառը կարող է լինել օրինակ ռազմական գործողություններ սկսկելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն է ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորը անել նման զարգացումները կանխելու համար՝ միևնույն ժամանակ ակտիվ կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում, որոնք են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը․ «Ու չեմ կարող չնկատել, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ՝ ՀՀ օրենսդրական դաշտի մասին մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին։
Փորձերը մեկնաբանելու, թե ՀՀ սահմանադրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչպես ասել եմ, խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների վերաբերյալ համաձայնության գալ, և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար։ Հետևաբար ՀՀ օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է»։
comment.count (0)