1lurer.am: Ռուսական կողմը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու մասնակիցներին մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Известия թերթին տված հարցազրույցում:
«Սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կցանկանայի կրկնել, որ մենք երկու կողմերին էլ փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի որևէ միջադեպ տեղի չունենա, առավել ևս՝ հրաձգությամբ, մարդկային կորուստներով և վիրավորներով: Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար դրական մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է Գալուզինը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցին՝ Գալուզինը նշել է, թե կազմակերպությանն անդամակցությունը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի շահերից:
«Մեր կարծիքով՝ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք օբյեկտիվորեն չի նկատվում։ ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և՛ ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և՛ պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և՛ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններ։ Բայց, ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չեն արժանացել և չեն իրագործվել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Գալուզինը հերթական անգամ շեշտել է, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն տարածաշրջանային երկրները, և ոչ թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ Եվրամիությունը։ Նա Հայաստանին մեղադրել է արևմտյան ուժերին «տարածաշրջան բերելու հակվածության» համար:
«Անդրկովկասում Արևմուտքի շահերը կապված են ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին օգնելու և խաղաղության ու կայունության հասնելու հետ, այլ Ռուսաստանին այդ գործընթացից դուրս մղելու և նրա սահմանների անմիջական հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հետ։
Մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ որքան շուտ Երևանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ և վերադառնան կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների՝ քաղաքական և փորձագիտական մակարդակներում այդ կազմակերպության օրակարգում դրված հարցերի շուրջ, այնքան լավ»,- եզրափակել է Գալուզինը:
comment.count (0)