44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործով 2․5 տարվա մեջ 4-րդ անգամ դատարանի փոփոխություն է տեղի ունենում։ Սկզբնապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված, ապա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարաններում մասամբ քննված, քրեական դատարաններից Հակակոռուպցիոն դատարան ուղարկված գործը կրկին Երեւանի քրեական դատարանին ուղարկելու հարց է ծագել։
Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Գործող քրեական օրենսգրքում, որը ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 1-ից, այս արարքին համապատասխան 549-րդ հոդվածը համարվում է կոռուպցիոն հանցագործություն, իսկ կոռուպցիոն հանցագործությունները քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։
Այսօրվա դատական նիստի սկզբում, սակայն, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանող հավելվածում կատարվել է փոփոխություն, ըստ որի՝ Վերանյանին մեղսագրված արարքը համարվում է կոռուպցիոն բնույթի, բացառությամբ «երբ այն կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով»։ Շահադիտական դրդում եւ բռնություն Վերանյանի մեղադրանքում նկարագրված չեն։
Քանի որ փոփոխությունը հունվարի 16-ից ուժի մեջ է մտել, դատավորը բարձրացրեց քրեական գործի առարկայական ընդդատության փոփոխության հարցը։ Առարկայական ընդդատությունն է սահմանում, թե որ տեսակի գործը որ դատարանն է պարտավոր քննել։
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը առարկեց գործի առարկայական ընդդատությունը փոփոխելու դեմ՝ պատճառաբանելով, որ օրենքի փոփոխության մեջ նշված «եւ» շաղկապը ենթադրում է շահադիտական դրդումների եւ բռնության միաժամանակյա առկայություն, հակառակ դեպքում «եւ»–ի փոխարեն ստորակետ դրված կլիներ։ Մարգարյանը տեղեկացրեց, որ համանման փոփոխություն ավելի վաղ Քրեական դատավարության օրենսգրքում էր կատարվել, եւ անցումային դրույթներով սահմանվել էր քննչական ենթակայության որոշակի կարգ․ «Ժամանակին ինքս, որպես կայազորի զինվորական դատախազ, կայազորի տարածքում տեղի ունեցած հանցագործությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտե, ըստ այդմ՝ հետագայում Հակակոռուպցիոն դատաարան ուղարկելու ձեւաչափը մշակվել է այդ փոփոխությունների համատեքստում․ եթե ոչ շահադիտական է, բայց չկա բռնություն կամ բռնության սպառնալիք կամ զենք կամ հատուկ միջոց, ապա միանշանակ չի ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե»,– ասաց Մարգարյանը։
Դատավորի դիտարկմանը, որ դա քննչական ենթակայությանն է վերաբերում (քննչական ենթակայությունը սահմանում է, թե որ հանցանքների դեպքում քննչական որ մարմինն է նախաքննություն իրականացնում), այլ ոչ առարկայական ընդդատությանը, Մարգարյանն արձագանքեց՝ ասելով, որ տարբերություն չկա։
Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը
Դատավորը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածում, որով էլ այս պահին մեղադրանք է առաջադրված Վերանյանին, բռնության բաղադրիչ ընդհանրապես նախատեսված չէ, եւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ դեպքում չպետք է տարբերակումը դրվի ըստ շահադիտական եւ ոչ շահադիտական դրդումների․ «Շահադիտականի եւ ոչ շահադիտականի միջեւ տարանջատումը միանշանակ է, Անդրանիկ Վերանյանին առաջադրված մեղադրանքում, այո, շահադիտական դրդում չենք դրել, բայց միաժամանակ առկա չէ «եւ» շաղկապով կապված մնացածը։ Որպես տեսաբան, իրավաբան եւ պրակտիկայում նախկինում կիրառած՝ ես կարծում եմ, որ պետք է միաժամանակյա առկայություն»,– պնդեց մեղադրողը։
Նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը ընդգծեց՝ Դատախազությունը միասնական կառույց է, եւ վերջինիս դիրքորոշումը պետք է միատեսակ լինի․ «Նմանատիպ գործերով Զինվորական դատախազության դատախազները ոչ միայն չեն առարկել, այլեւ իրենք են միջնորդել այս դատարանում, որ առարկայական ընդդատությունը փոխվի»,– տեղեկացրեց դատավորը։
Նա հետաքրքրվեց նաեւ, թե տուժողներն ինչ դիրքորոշում ունեն քննարկվող հարցի վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդ Հարություն Մանուկյանն ասաց, որ իրենք օրենքը լավ չեն հասկանում, բայց համամիտ են դատախազի հետ։
«Հետեւանքները պատկերացնո՞ւմ եք»,– հարցրեց դատավորը,– «Գործը կարող է իմ կողմից քննվել, բեկանվել որպես ոչ պատշաճ, օրենքի հիման վրա չստեղծված դատարանի կողմից քննված լինելու հիմքով, չի բացառվում՝ նաեւ դատավորի կարգապահական պատասխանատվության հարց բարձրացվի իրեն քննության չենթակա գործը քննելու համար»,– ասաց նա։
Մեղադրող Հայկ Մարգարյանը տեղեկացրեց, որ ինքը հետեւանքները տուժողներին պարզաբանել է եւ ասել է, որ անկախ իր դիրքորոշումից՝ դատարանի համար միանշանակ ճիշտ կլինի որոշում կայացնել ընդդատությունը փոխելու մասին եւ սպասել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը, որպեսզի հետագայում խնդիր չլինի։
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչեւ նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկել դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ:
Տուժողներն ասացին, որ իրենք չեն առարկում եւ կողմ են, որ ամեն ինչ օրենքի շրջանակում լինի։
Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը
Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ իրենց համար նշանակություն չկա՝ գործը կքննվի Հակակոռուպցիոն թե քրեական դատարանում․ «Միակ մտավախությունն այն է, որ այդ հիմքով վերջնական որոշման բեկանման հնարավորությունն ավելի իրատեսական է դառնում, հետեւաբար, մենք նույնպես գտնում ենք, որ անհրաժեշտ է սպասել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը՝ նման հետեւանքներից խուսափելու համար»,– ասաց նա։ Անդրանիկ Վերանյանը միացավ պաշտպանի դիրքորոշմանը։
Դատավոր Սուրեն Խաչատրյանը որոշեց գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Քանի որ այլ գործեր եւս այս փոփոխությունից հետո Հակակոռուպցիոն դատարանից ուղարկվել են Երեւանի քրեական դատարան, չի բացառվում, որ քրեական դատարանների որեւէ դատավոր արդեն իսկ այս հարցով դիմած լինի Վճռաբեկ դատարանին, եւ վերջինս որոշում կայացրած լինի։ Եթե ոչ, ապա ստացվում է, որ նոր դատավորը, որին առաջիկա օրերին կմակագրվի այս գործը, ընդդատության վերաբերյալ անհամաձայնություն ունենալու դեպքում կդիմի Վճռաբեկ դատարան՝ իրավական այս վեճը լուծելու նպատակով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։
Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:
Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)