Ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության արդյունքները
12:32 - 17 փետրվարի, 2024

Ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության արդյունքները

Փետրվարի 16-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։ 

«Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն, անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը, նշել է, որ ընդհանուր առմամբ բացահայտման ցուցանիշները 2022 թ. համեմատությամբ գրեթե բոլոր ուղղություններով և հանցատեսակներով բարձր են: Խոսելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության  դեմ  տարվող  պայքարի մասին՝  նա նշել է, որ չնայած արձանագրվել է դեպքերի հայտնաբերման ցուցանիշների զգալի աճ, այնուամենայնիվ, խնդիրը մնում է մտահոգիչ: Մյուս մտահոգիչ փաստը, ըստ Հովհաննիսյանի, ճանապարհատրանսպորտային երթևեկության  կանոնների խախտման դեպքերի և զոհերի թվի աճն է։ 

Անդրադառնալով ոստիկանությունում իրականացվող  բարեփոխումներին՝ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ծառայությունը զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Անդրադառնալով հանրապետության ողջ տարածքում ներդրված Պարեկային ծառայության ժամանակակից մոդելին՝ նա նշել է, որ յուրաքանչյուր մարզում ձևավորվել են նաև ծառայության գործունեությանն օժանդակող Օպերատիվ կառավարման կենտրոններ, իսկ Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը:

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023 թ. արդյունքները ներկայացրել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով կամ 3 054 դեպքով: Գրանցված 40 666 հանցագործությունների գերակշիռ մասը՝ 80,8%-ը, կազմում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները: 

Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը  ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։

Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ, 292-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 1159 միավոր հրազեն: 

Բացահայտման տոկոսում հաշվվող 40 598 հանցագործության դեպքերից 26 469-ով կամ 65,2%-ով հայտնի է հանցանք կատարած անձը:  

Հաշվետու ժամանակահատվածում 2847-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը: Հարկ է նշել, որ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին տարիներին գրանցված նմանատիպ միակ դեպքն է։ Աճել են համացանցի միջոցով  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը. 489 դեպք, որից 128-ը՝ իրացնելու, 361-ը՝ ձեռք բերելու: Կատարված աշխատանքների արդյունքում արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 100-ից ավելի համացանցային հարթակ։

2023 թ. 12 ամիսների ընթացքում հայտնաբերվել է 1404 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 574-ը կաշառակերության դեպքեր են: 169 դեպքով աճել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունների թիվը, միաժամանակ աճել է դրանց բացահայտման արդյունավետությունը։

2023 թ. ընթացքում Փրկարար ծառայության գործունեությունը ներկայացրել են ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը: 
Հաշվետու ժամանակահատվածում մշակվել են իրավական ակտերի նախագծեր, օրենքներում՝ փոփոխություններ, ծավալուն աշխատանքներ են կատարվել վտանգավոր քիմիական նյութերի կառավարման ուղղությամբ: Մշակվում է նոր ներդրումային ծրագիր, որով առավել կբարելավվի ծառայության աշխատանքը: 

Միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը նույնպես միտված է բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արձագանքման արդյունավետ կազմակերպմանը:

ՆԳՆ փրկարար ծառայությունն ուսումնասիրել է 289 բնակավայրերի հեղեղավտանգ 297 տեղամաս, և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Փրկարար ծառայության ուժերով հարկադիր քարաթափում է իրականացվել 34 տեղամասում:

Անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել են աշխատանքային 847 խմբեր, որոնք համապատասխան վայրերում իրականացրել են իրազեկման աշխատանքներ:

Լողափնյա սեզոնի ընթացքում Սևանա լճի ափամերձ գոտիներում իրականացվել է շուրջօրյա հերթապահություն. ՓԾ ստորաբաժանումների կողմից փրկվել է 27 մարդու կյանք: Իրականացվել է չորրորդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների նախագծերի համալիր փորձաքննություն, ուսումնասիրվել են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների ու կազմակերպությունների  նկուղային հարկեր: 

Նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում նախատեսվող անելիքներին է անդրադարձել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների կարգապահական խախտումներին, իրականացված ծառայողական քննություններին: Մասնավորապես, կատարվել է 1706 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 640 ծառայող:

Ամփոփելով աշխատանքը՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, միևնույն ժամանակ բարձրաձայնել առկա խնդիրների ու բացթողումների մասին։

Վահե Ղազարյանը Ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները մի շարք հանցատեսակների ուղղությամբ՝ հատկապես առանձնացնելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումը՝ շարունակելով իրականացնել բացատրական աշխատանք։

Նախարարը նշել է, որ Ոստիկանության ստորաբաժանումներում պետք է բացառվի բռնության որևէ դրսևորում, իսկ նման դեպքեր հայտնաբերելու պարագայում ծառայողը ենթարկվելու է պատասխանատվության։

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ նախարարը խիստ հանձնարարական է տվել Պարեկային ծառայությանը՝ լինել անհանդուրժող ճանապարհային երթևեկության կանոններ խախտող անձանց նկատմամբ։
ՆԳ նախարարը 2024 թվականը հայտարարել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։

Խոսելով Փրկարար ծառայության 2023 թվականի աշխատանքի մասին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ծառայողների անձնվեր ծառայության համար՝ առանձնացնելով հատկապես անտառային հրդեհների դեմ տարվող աշխատանքները։
Նախարարը հանձնարարել է ամառվա ամիսներին ուժեղացնել ծառայությունը Սևանա լճում՝ բացառելու համար ջրահեղձման դեպքերը, այդ ուղղությամբ ակտիվ համագործակցել Ջրային պարեկային ծառայության հետ։

ՆԳ նախարարն անդրադարձել է երկու ծառայությունների աշխատակիցների կարգապահությանը, հորդորել է ակտիվ մասնակցել ատեստացիոն գործընթացներին՝ բարելավելու համար սոցիալական երաշխիքները, ինչպես նաև անդրադարձել է առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։

Խորհրդակցության ավարտին ՆԳ նախարարը, Ոստիկանության պետն ու Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրեցին 2023 թ. ընթացքում ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ծառայողներին, ինչպես նաև հանձնեցին փոխանցիկ դրոշներ՝ 2023 թ. լավագույն ստորաբաժանումների ղեկավարներին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել