Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել  կառավարության շենքի դիմաց |news.am|
16:28 - 20 փետրվարի, 2024

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց |news.am|

news.am: Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ փետրվարի 20-ին բողոքի ակցիա են անցկացրել  կառավարության շենքի դիմաց:

«Շատ մարդիկ չունեն հստակ պատկերացում, թե հետո ինչ է լինելու, իրենք որտեղ են ապրելու, դա խանգարում է աշխատանք գտնելու հարցում: Կամ եթե վաղը այդ փոխհատուցումը կտրեն, ի՞նչ են անելու այդ ընտանիքները, ստիպված են լինելու ավելի վատ պայմաններով բնակարան գտնել, կամ հեռանալ քաղաքից կամ երկրից: Կառավարության կողմից լռությունը յս ընտանիքներին պահում է անորոշության մեջ: Մենք ընդամենը փողոցային խոսակցություններ ենք լսել, որ կարող է բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ տան: Տարբեր թվերի մասին են խոսում՝ 2, 3, 5, 6 մլն դրամ: Դա արդյունք չի տալու: Տեսեք, ասենք, տան կերակրողին կորցրել է ընտանիքը, ապրում է երկու երեխայի հետ, եթե տան 5 մլն դրամի սերտիֆիկատ, դա 15 մլն դրամ է անում, իսկ տների գներն աստղաբաշխական բարձր են: Ի՞նչ ասենք զոհվածների ծնողներին ասենք՝ գնացեք Վարդենիսում, Շուռնուխում, Ներքին Հանդում կամ Տեղ գյուղում ապրե՞ք:

Մենք սահմանից չենք վախենում, հասարակ քաղաքացիները կարող են գնալ, բայց այս ընտանիքներին բարոյական իրավունք չունենք ինչ-ինչ լծակներով ստիպել, որ նորից գնան սահմանամերձ բնակավայրում ապրեն: Ոչ, իրենք պետք է արժանավայել կյանք վարեն: Սա է մեր պահանջը: Եթե մարդ կա, որ ուզում է մեզ հակադրվել, Աստված իրեն մեր օրն է գցելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը:

Նա հավելեց, որ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Ասրյանը դժգոհեց, որ դեռ նոյեմբերին իրենք դիմել են կառավարություն, խնդրել են հանդիպում վարչապետի հետ, բայց մնացել են անտեսված, անգամ չեն պատասխանել, որ վարչապետը ժամանակ չունի, չի կարող հանդիպել. «Չի կարելի մարդկանց անտեսել, ախր կարող է մի ժամանակ գա, որ իրենք անտեսված դառնան: Շատ տհաճ է քաղաքացուն անտեսելը, արհամարհելը: Հիմա գնում ենք պահանջենք, որ հանդիպեն մեզ հետ»,-ասաց նա:

Ասրյանը թվարկեց, թե որ հարցերն են իրենց հետաքրքրում, որոնք շարադրել են վարչապետին ուղղված նամակում. «Տղաների շիրիմների տեղափոխման հարցը կամ այլ տարբերակների քննարկում: Մենք երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դրել ու ասել՝ չէ, պիտի բերեք: Հասկանում ենք բարդությունը, բայց այլ տարբերակներ կան քննարկելու եւ լինչ-որ լուծումներ գտնելու: Նշել ենք կացարանների, բնակարանների հարցը, հարցի լուծման ի՞նչ հեռանկարն ենք մենք տեսնում: Այս երկու հարցերը լրիվ անտեսվել են: Եվ մեզ պատասխան չի տրվել հանդիպման մասին: Թող գրեին՝ վարչապետը ժամանակ չունի ձեր երեսը տեսնելու: Պարզապես մեր նամակը վերահասցեագրել է սոցապ նախարարությանը: Վերջինս էլ նշել է, որ այդ երկու հարցերը մեր տիրույթում չի գտնվում»:

Նա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմում միայն Արցախից ունեն մոտ 700 զոհվածի ընտանից եւ 23 անհետ կորածի ընտանիք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել