«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 20-ին, ոստիկանության ծառայողների կողմից Երեւանի Աբովյան փողոցից ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քննչական կոմիտեից, որի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց միայն, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով Ոստիկանության բաժին է տեղափոխվել մեկ անձ։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին (Իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ ապօրինի ձեռք բերելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) մասերով։
«Ոստկանության կողմից վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել բերման ենթարված անձը, եւ քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հանցագործությունը առերեւույթ կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը։
Նշանակվել է փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք՝ երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել Աշոտ Դանիելյանի եւ 24news.am լրատվական կայքի լրագրողի միջեւ: Ըստ լրատվական կայքի՝ երբ Սամվել Շահրամանյանը հրաժարվել է խոսել լրագրողի հետ, վերջինս ըմբռնումով է մոտեցել, ընդառաջ գնացել չնկարահանելու հորդորին։ Սակայն Շահրամանյանին ուղեկցող անձը, որը, ըստ նույն կայքի, Աշոտ Դանիելյանն է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը: Շտաբից նշել են նաեւ, որ անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:
comment.count (0)