Տարածական տվյալների թարմացվող համակարգ ունենալը կարևորագույն գործիքակազմ է. Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում
18:38 - 21 փետրվարի, 2024

Տարածական տվյալների թարմացվող համակարգ ունենալը կարևորագույն գործիքակազմ է. Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել է նաև Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
 
Քննարկմանը ներկա էին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավոտիսյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գոռ Ավոտիսյանը, «ԲԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Դավիթ Միրզոյանը, «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը, «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը և այլք։
 
Քննարկումը վերաբերել է ազգային գեոպորտալ համակարգին, որտեղ պետք է կենտրոնացված լինի Հայաստանի Հանրապետության բոլոր ենթակառուցվածքների, պետական շենք-շինությունների, հասցեների, աշխարհագրական անվանումների, ճանապարհային ցանցի, ավտոճանապարհների, ընդերքի և այլ ոլորտների վերաբերյալ առկա տարածական տվյալները։
 
Նախարար Սանոսյանը և Սուրեն Թովմասյանը հանդիպման սկզբում խոսել են համակարգի ստեղծման կարևորության մասին․«Տարածական տվյալների ժամանակակից, թարմացվող համակարգ ունենալը մեր երկրի տնտեսության համար կարևորագույն գործիքակազմ է»,- ընդգծվել է հանդիպման ժամանակ։
 
2022 թվականի հուլիսին գործարկվել է maparmenia.am հարթակը, որտեղ արտացոլված են ջրագրական և տրանսպորտային ցանցը, ռելիեֆը, կադաստրային քարտեզները, օրթոֆոտոհատակագծերը։ Այդ շերտերը հասանելի են հանրությանը առանց հարթակում գրանցվելու, և բացի քարտեզի դիտումից՝ օգտվողը կարող է նաև կատարել որևէ հողամասի վերաբերյալ նախնական աշխարհատարածական վերլուծություններ։ Օրինակ՝ չափել հողամասի հեռավորությունը մայրուղուց, տեսնել հողամասի տեղադիրքը, ռելիեֆի խտությունը և այլն։ Հարթակն անընդհատ արդիականացվում է, ավելանում են նոր շերտեր և տարատեսակ վերլուծությունների հնարավորություններ։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել է պետական տարբեր գերատեսչությունների ունեցած տեղեկատվությունը Կադաստրի կոմիտեի կողմից ազգային գեոպորտալ ինտեգրելու, ինչպես նաև դեռևս հավաքագրման ենթակա տեղեկատվության հավաքագրման ստանդարտների վերաբերյալ հարցեր։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցել Կադաստրի կոմիտեի հետ՝ գործընթացը հնարավորինս արագ և անխոչընդոտ իրականացնելու վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել