Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը պաշտպանության նախարարությունում ստորագրեցին փաստաթղթեր:
Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդեց Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի մամուլի ասուլիսը:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հաստատեց տեղեկությունը, որ երեկ պաշտպանական սպառազինության խմբաքանակ է բերվել Հայաստան․ ««Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակը ևս շուտով կգա Հայաստան»։
«Շատ չմանրամասնեմ, թե ինչ սարքավորումներ են գալու, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության սարքավորումներ են, որովհտեև առաջնահերթ է այս տարածաշրջանում և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։ Որևէ մեկը չի կարող քննադատել ՀՀ բանակին իր պաշտպանության ունակությունները ուժեղացնելու համար»,- նշեց նա։
Ֆրանսիացի լրագրողի հարցին, թե «արդյո՞ք վտանգ կա Ադրբեջանի կողմից, և դա ստիպում է նախարարին նոր պայմանագիր կնքել», Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ չի կարող հերքել, որ կա վտանգ (ադրբեջանական կողմի հարձակման՝ խմբ․), որը տեսանելի է առկա հռետորաբանությունից։
«ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի»,- ընդգծեց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարը ասաց նաև, որ անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը․ «Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են»։
comment.count (0)