Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար
12:15 - 23 փետրվարի, 2024

Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման հարցին, նշեց, որ «հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի»։

Նա հայտարարեց նաև, որ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը ներառում է ոչ միայն սպառազինությունների մատակարարում, այլև վերապատրաստում։ Ըստ նրա՝ խոսքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում վերապատրաստումների մասին է։ Ֆրանսիան Հայաստանում կունենա մշտական ռազմական խորհրդատու, իսկ հայ սպաները և ենթասպաները հնարավորություն կունենա վերապատրաստվել Ֆրանսիայի ռազմական դպրոցներում։

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Ֆրանսիան մեծացնելու է հակաօդային պաշտպանական բնույթի միջոցների վաճառքը Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն ունի օդը պահելու խնդիր, և որ Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական բնույթի զենք-զինամթերք, ֆրանսիացի նախարարը  կարծիք հայտնեց, որ վերջերս տեղի ունեցող բոլոր հակամարտություններից հետևությունն այն է, որ պաշտպանական միջոցները ամենակարևոր կետն են․ ծայրահեղ դեպքում դրանք հնարավորություն են տալիս պաշտպանվել մարտի դաշտում, ինչը տեսանք Ուկրաինայում, բայց հատկապես հնարավորություն են տալիս պաշտպանելու քաղաքացիական հասարակությանը և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները՝ էներգետիկան, տրանսպորտը, օդանավակայանները և այլն։

«Մենք տեսնում ենք՝ գնալով ավելի շատ սպառնալիքներ են լինում՝ սկսած ԱԹՍ-ների դեմ պաշտպանությունից մինչև հրթիռային և հարձակողական ինքնաթիռների դեմ պաշտպանությունը։ Դա ճիշտ է նաև մեզ համար։ Ֆրանսիայում մենք աշխատանքներ ենք տանում հրթիռային բազայի վերակազմավորման առումով և նոր ռազմասպառազինության, որը հնարավորություն է տալիս ավելի լավ պաշտպանելու մեր օդը»,- ասել է նա։

Լըկորնյուն հայտարարեց, որ որքանով Ֆրանսիան հզորացնում է իր բազան, այնքան ավելի մեծ հնարավորություն է տալիս դա Հայաստանի հետ համագործակցության համար։

«Շատ արագ մենք կկարողանանք նոր բաներ առաջարկել։ Minstrel հրթիռների մասին ենք օրինակ խոսել այս առավոտ: Սրանք մոտահար հրթիռային սարքեր են։ Վերապատրաստման առումով․ բավականին հեշտ է դրանք գործածելը։ Երկրորդ շերտի պաշտպանության համար առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն, այդ մասին խոսել ենք ՀՀ պաշտպանության նախարարի հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընդամենը ներկայացնում է ֆրանսիական հնարավորությունները՝ և՛ սպառազինության, և՛ վերապատրաստման առումով։

«Վերջին շերտի պաշտպանությունը կա նաև, որը շատ ավելի լուրջ տեխնոլոգիա է․ Thales ռադարների մասին է խոսքը։ GM-200 ռադարների մատակարարում շատ շուտով կլինի արդեն»,- նշեց նախարարը։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ տրամադրվող զենք-զինամթերքը պաշտպանական բնույթի է, և, որ միակ ձևը, որ ՀՕՊ համակարգերը չկիրառվեն, այն է, որ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել