ԿԿՀ անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել
20:48 - 23 փետրվարի, 2024

ԿԿՀ անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը չի կայացել։ Այս մասին «Ինֆոքոմ»–ը տեղեկանում է Ազգային ժողովի պաշտոնական կայքից։ 

Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Նվարդ Վարդանյանն ու Սարգիս Միրզոյանը։ Նշենք, որ Նվարդ Վարդանյանը Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալն է, պաշտոնից ազատվել է 2023 թ․ տարեսկզբին, իսկ Սարգիս Միրզոյանը 2020-2023 թթ ընթացքում աշխատել է ԿԿՀ–ում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ–փորձագետ։

Մրցութային խորհուրդը ուսումնասիրել է Նվարդ Վարդանյանի հայտը, պարզել, որ ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին եւ հաստատել այն։

Համաձայն «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքի՝ ԿԿՀ անդամ կարող է նշանակվել, ի թիվս այլնի, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):

Այս պահանջին չհամապատասխանելու պատճառաբանությամբ մյուս հավակնորդի՝ Սարգիս Միրզոյանի հայտը մերժվել է։ Ըստ Խորհդրի՝ Միրզոյանի ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությամբ ի սկզբանե չի հաստատվել վերջինիս կազմակերաման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող պաշտոն առնվազն երեք տարի զբաղեցնելու փաստը, ինչպես նաեւ ներկայացված չեն եղել ֆիզիկական արատների եւ հոգեկան հիվանդությունների բացակայությունը հավաստող պահանջվող փաստաթղթերը։

Խորհուրդը ԱԺ աշխատակազմի միջոցով Միրզոյանին ծանուցել է փաստաթղթերի բացակայության վերաբերյալ եւ առաջարկել մինչեւ փետրվարի 14-ը հայտն ամբողջականացնել։

Միրզոյանը փետրվարի 13-ին Խորհրդին ներկայացրել է իր պարզաբանումը, որում նշել է, որ իր գնահատմամբ՝ «Էկզոտարիում Պլյուս» ՍՊԸ-ում, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում, ԱՄՆ ՄԶԳ «Մենեջմենթ սիսթեմզ ինթեընեշնլ, ինք» հայաստանյան մասնաճյուղում, ԿԿՀ-ում աշխատած ժամանակահատվածում իրականացրել է կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ։

Համադրելով Միրզոյանի կողմից ներկայացված աշխատանքային ծառայությունների մատուցման պայմանագրերի դրույթները եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով ներկայացվող պահանջները՝ Խորհուրդը, սակայն, եզրահանգել է, որ Միրզոյանը չի համապատասխանում դրանց, մասնավորապես, չունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերաման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում։

Միրզոյանի հայտի մերժման արդյունքում հավակնորդների թիվը պակաս է եղել թափուր տեղերի քանակից։ Վերջինս մրցույթը չկայացած համարելու օրենքով սահմանված հիմք է։

Փետրվարի 19-ին Մրցութային խորհրդի որոշմամբ հայտարարվել է ԿԿՀ անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության նոր մրցույթ։

Հիշեցնենք, որ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրացան ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանի եւ ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։ Թափուր երկու պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթին հայտ ներկայացրին արդեն ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն ու ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը։ ԱԺ–ն, սակայն, նրանց չընտրեց ԿԿՀ անդամի պաշտոնում, որից հետո թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ հայտարարվեց։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել