Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը France 24 հեռուստաընկերությանը
09:50 - 24 փետրվարի, 2024

Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը France 24 հեռուստաընկերությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը France 24 հեռուստաընկերությանը․

France 24, Մարկ Պերելման - France 24-ի հարթակում ենք: Հրավիրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շնորհակալություն, պարոն վարչապետ, Դուք մասնակցեցիք Միսաք Մանուշյանի, ինչպես նաև նրա տիկնոջ՝ Մելինեի վերահուղարկավորության արարողությանը: Նրանք կոմունիստներ էին, դիմադրողներ, նրանք նաև հայեր էին: Ի՞նչ զգացիք Դուք, որո՞նք էին Ձեր զգացմունքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ հուզիչ միջոցառում էր, և պիտի ասեմ, որ Հայաստանում էլ շատ լայն արձագանք է գտել, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերում հեռարձակել է և մեր հանրության շրջանում շատ մեծ արձագանք է ստացել։ Իհարկե, հպարտության զգացումը և այն արձանագրումը, որ հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարում շատ էական և լուրջ ներդրում է ունեցել ոչ միայն արևելյան ճակատում, այլև արևմտյան ճակատում։ Դա շատ կարևոր է։

France 24, Մարկ Պերելման - Ուզում եմ վերադառնալ Հայաստանում իրավիճակին: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնագրավումից հետո նախորդ սեպտեմբերին, ինչպես նաև մի քանի օր առաջ կրկին խնդիրներ եղան, Դուք հանդիպեցիք Մյունխենում պարոն Ալիևին, և նա այդ հանդիպումը որակեց որպես կառուցողական և օգտակար: Արդյոք կարո՞ղ եք ասել, որ ձեր հարաբերություններում հույս կա և առաջընթաց կա: Ի՞նչ եք կարծում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ցավոք, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ բանակցությունների սենյակում շատ բան կոնստրուկտիվ է եղել և օգտակար, բայց հետագայում միշտ չէ, որ մենք դրա իրականացումը տեսնում ենք։ Հույս ունեմ՝ այս անգամ այդպես կլինի։ Եվ ինչի՞ մասին է խոսքը` երեք հիմնական սկզբունքների, որ համաձայնեցվել են Պրահայում, որ համաձայնեցվել են նաև Բրյուսելում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը ճշգրտորեն ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունն են։

Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա երկու երկրների միջև սահմանազատման քաղաքական հիմքը, ինչը նշանակում է, որ մեր երկրների միջև նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է գետնի վրա արտահայտել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին։ Եվ երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պիտի բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքի հիման վրա` հավասարության և փոխադարձության շրջանակներում։ Մենք այս սկզբունքները կենտրոնացրել ենք և արտահայտել «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Եթե Ադրբեջանն այս բոլոր ուղղություններով վերահաստատի նաև գործնականում իր ստանձնած պարտավորությունները՝ մենք խաղաղության հասնելու ճանապարհին շատ խոչընդոտներ չենք ունենա։

France 24, Մարկ Պերելման - Ըստ Ձեզ, պարոն վարչապետ, արդյոք խաղաղության պայմանագիրը հնարավո՞ր է շուտով: Ես վերջերս կարդացի Ձեր հայտարարությունները փետրվարի 14-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Արդյոք, կարծո՞ւմ եք Իլհամ Ալիևը պատրաստում է նոր լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի դեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմնական խնդիրը հետևյալն է, որ այն երեք սկզբունքները, որ հայտարարված են և, ըստ էության, հրապարակված են միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, մենք խնդիր ենք ունենում այս սկզբունքներն արտահայտել խաղաղության պայմանագրի մեջ։ Այսինքն` այս ճանապարհին է մեր պրոբլեմը։

Ինչ վերաբերում է հնարավոր էսկալացիային, մենք ահա այս պրոբլեմները վերլուծելով և նաև վերլուծելով Ադրբեջանից, պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, և «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարությունները նշանակում են, կարճ ասած, նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, իր ամբողջ տարածքով, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են։

Երբ նրանք առանց տարընթերցումների մեր տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը գործնականում չեն ճանաչում, այդտեղից էլ գալիս են այդ վերլուծությունները։ Նկատի ունեմ` դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին, երկու բանից, առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից հարուցվող որոշակի դժվարություններ, երկրորդը՝ հրապարակային խոսույթը, ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը, որ եթե կարճ ներկայացնեմ` Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում և ագրեսիվությունը սահմանին։

Նույն վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք, այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ։ Նրանք հայտարարել են, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման` չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել, և եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ։ Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ շատերին, հայաստանյան և միջազգային շատ փորձագետների բերում է այն կարծիքին, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ։

France 24, Մարկ Պերելման - Ուստի, Դուք երբ տեսնում եք Իլհամ Ալիևին, հետևությունն այն է, որ նրան չե՞ք կարող վստահել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների պատմությունը հենց ինքը խորը անվստահության հիմք է։ Կարծում եմ` իմաստ էլ չունի Ադրբեջանի ղեկավարին կամ ինձ փոխադարձաբար հարցնել` վստահո՞ւմ ենք արդյոք մենք իրար, թե՝ ոչ։ Ակնհայտորեն` ոչ։ Բայց խնդիրը դրա մասին չէ, խնդիրը հետևյալի մասին է` պատրաստվո՞ւմ ենք արդյոք մենք փոքր քայլերով վստահություն կառուցել։ Հենց վստահություն կառուցելու պրոցեսում է, որ մենք դժվարություններ ունենք։

France 24, Մարկ Պերելման - Եվ Դուք կարծում եք, որ նա պատրաստ չէ դրան: Երբ ասում է, որ պատրաստ է խաղաղության, իրականում պատրաստվում է պատերազմի՞: Դա եք ուզո՞ւմ ասել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես դա եմ ուզում ասել, այո, այդպիսի տպավորություն կա, բայց նաև օբյեկտիվ լինելու համար ենթադրում եմ, որ եթե իրենց էլ հարցնեք, իրենք էլ կասեն, որ իրենք էլ մեզ չեն վստահում, բայց խոսքը դրա մասին չէ։ Խոսքն ուրիշ բանի մասին է` արդյոք մենք փոխադարձաբար պատրաստվում ենք քայլ-քայլ, փոքր քայլերով, եթե հնարավոր է ավելի մեծ քայլերով կառուցել վստահություն, որ մենք միմյանց փոխադարձ խոսքին հավատանք։ Նորից եմ ասում, դիվանագիտական շփումների ընթացքում Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ իրենք հարձակման որևէ մտադրություն չունեն։ Եվ խնդիրն այն է, որ նորից եմ ասում` հրապարակային խոսույթը, դրան հետևած գործնական աշխատանքը, և հողի վրա տեղի ունեցող իրադարձություններն են շատ վերլուծաբանների հիմք տալիս նման հետևություններ անել։ Երբեմն շատ դժվար է հակադարձել և հակափաստարկ բերել, թե ինչու ոչ։

France 24, Մարկ Պերելման - Դուք Ֆրանսիայի կողմից արդեն ռազմական օգնություն ունեք՝ ռադարների տեսքով: Օրինակ՝ պարոն Մակրոնը խոստացել է նաև այլ զինատեսակներ, մասնավորապես, պաշտպանական: Բաքուն օգտվում է դրանից՝ ասելով, որ նոր հարձակման կդիմի: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պետք է ավելի զինվի, որովհետև իրականում Ադրբեջանը գետնի վրա ավելի ուժեղ է ռազմական առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես երեկ նախագահ Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ էլ այդ հարցին անդրադարձա, որովհետև Ադրբեջանն ամեն անգամ աղմուկ է բարձրացնում մեր որևէ ռազմատեխնիկական ոլորտում նոր պայմանագրի և համագործակցության ոլորտում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը տարիներով միլիարդավոր զենք է գնում։ Սա կարևոր փաստ է արձանագրելու համար։

Մյուս կողմից ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած Հայաստանի բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ ասում ենք` շատ լավ, եկեք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից փոխադարձաբար հայելային ետ քաշենք զորքերը: Եվ դա կլինի վստահության շատ կոնկրետ քայլերից մեկը։

Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնի։ Ինչո՞ւ, որովհետև մենք ասում ենք, որ մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք։ Հետևաբար, ինչո՞ւ պիտի որևէ մեկին մեր բանակի բարեփոխումն անհանգստացնի։ Եթե մենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում ենք և բարեփոխում ենք մեր բանակը և ասում ենք` մեր բանակը մեր ինքնիշխան տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու ու չի ունենալու, և այդ ֆոնին Ադրբեջանն անհանգստություն է հայտնում, աղմուկ է անում: Դա ո՞ր պարագայում կարող է տեղի ունենալ, երբ ինքը խնդիր ունի մեր ինքնիշխան տարածքում ռազմական խնդիր լուծելու։ Ուրիշ տրամաբանություն չկա։ Կարողացա՞ միտքը բացատրել, թե ինչումն է խոսքը։

Մենք, այո, բարեփոխում ենք բանակը, և ի դեպ, բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Որևէ երկիր որևէ ուրիշ երկրի չի կարող մեղադրել բանակ ունենալու մեջ։ Եվ մենք ասում ենք, որ բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, այսինքն` Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, ճանաչում ենք անվերապահորեն։ Մեր ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքից դուրս մեր բանակը կիրառելու խնդիր չունենք և չենք ունենալու։ Եվ այս ֆոնին Ադրբեջանն անհանգստություն է հայտնում։ Ինչո՞ւ է անհանգստություն հայտնում։ Միթե՞ ինքն ունի խնդիր մեր ինքնիշխան տարածքում լուծելու։ Նաև այս փաստն է, այս արձագանքն է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը։

Բայց մենք այստեղ լուծումներ էլ ենք առաջարկում։ Մի քանի լուծում ենք առաջարկում։ Մեկը`արտահայտել 1991 թվականի սահմանը և զորքերը հետ քաշել, այսինքն` ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը միմյանց ինքնիշխան տարածքում ոչ մի հատ տեխնիկա, հրազեն չունենան և զինվոր էլ չունենան։ Երկրորդը, մենք սահմանային գոտու ապառազմականացման առաջարկ ենք անում։ Երրորդը, մենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ ենք անում։ Այսինքն, եթե մենք որևէ խնդիր ունենայինք Ադրբեջանի անվտանգությանը սպառնալու, այս առաջարկներն ինչի՞ պիտի անեինք։ Այդ Ադրբեջանն է, որ ասում է` ես պիտի բարձունքները հսկողության տակ պահեմ, կապ չունի` դա ում տարածքում է գտնվում։ Բայց դա մեր տարածքային ամբողջականության ուղիղ ոտնահարում է, ագրեսիվ քաղաքականության իրականացում այսօր և, ըստ էության, այդ քաղաքականությունից հրաժարվելու մտադրության մասին հայտարարություն։ Եվ սա խնդիր է։

France 24, Մարկ Պերելման - Լեռնային Ղարաբաղում վերջին կոնֆլիկտի ժամանակ Դուք մեղադրեցիք Մոսկվային՝  այդ հակամարտությունը ձեր դեմ ուղղելու փորձի մեջ: Արդյոք Դուք շարունակո՞ւմ եք մտածել, որ Վլադիմիր Պուտինի նպատակն է Ձեզ իշխանությունից հեռացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Ռուսական հեռուստաալիքները ոչ թե մի քանի օր, 6 տարի շարունակ, ըստ էության, համակարգված և հետևողական, նպատակամղված հակաքարոզչություն են մղում Հայաստանի կառավարության, ընտրված իշխանությունների և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում:

France 24, Մարկ Պերելման - Եվ այսօր դա շարունակվո՞ւմ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, անկեղծ ասած, ես հետաքրքրությունս կորցրել էլ եմ այդ թեմայի նկատմամբ: Չգիտեմ էլ՝ շարունակվում է, թե չի շարունակվում: Շարունակվում է, թե չի շարունակվում, Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ չի պատրաստվում իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից հրաժարվել և հետևողական է լինելու նաև իր տարածքային ամբողջականությունն արձանագրելու, նաև հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, նաև խաղաղության օրակարգի գործում, նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականցնելու հարցում, նաև Եվրամիության հետ հետագա հարաբերությունները խորացնելու հարցում:

France 24, Մարկ Պերելման - Արդյոք Դուք հիմա գոնե խոսո՞ւմ եք Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետ Նիկո Փաշինյան - Այո, մենք դեկտեմբերին շփումներ ենք ունեցել, խոսել ենք:

France 24, Մարկ Պերելման - Վստահո՞ւմ եք նրան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք միջպետական հարաբերությունների մեջ ենք, և Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկար հարաբերությունների պատմություն: Այդ հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ: Մենք այդ ավանդույթների շրջանակում ենք:

France 24, Մարկ Պերելման - Մի դեպք կա՝ Դմիտրի Սեդրակով անունով մի դեզերտիր դեկտեմբերին ձերբակալվել է: Հայկական իշխանությունները վստահեցնում են, որ տեղյակ չեն: Արդյոք մեզ կարո՞ղ եք ասել, թե որն է իրականում իրավիճակը և արդյոք ռուսական իշխանությունները կարող են Հայաստանում ձերբակալել՝ առանց Հայաստանի բողոքի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, այդ դեպքը, ահազանգն այդ դեպքերի վերաբերյալ մեզ շատ է անհանգստացրել: Եվ մենք նաև այդ դեպքի հետաքննություն ենք անում, և եթե պարզվի, որ ամեն ինչ այնպես է, ինչպես Դուք եք ասում, դա, իհարկե, նաև որոշակի հետևանքների պիտի բերի, որովհետև, իհարկե, մեր երկրի տարածքում ապօրինի գործողություններ մենք չենք կարող հանդուրժել:

France 24, Մարկ Պերելման - Ի՞նչ հետևանքներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա կախված կլինի հենց իրադարձությունների վերաբերյալ մեր իրավական գնահատականից:

France 24, Մարկ Պերելման - Երկու կարճ հարց: Ռուսական ռազմական բազա կա Հայաստանի տարածքում: Արդյոք մտադի՞ր եք այն փակել և արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա:

France 24, Մարկ Պերելման - Իսկ ռուսական բազա՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բազան Հայաստանում է գտնվում ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը վերադառնալու առիթ չենք ունեցել:

France 24, Մարկ Պերելման - Վերջին հարցը, պարոն վարչապետ: Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ Հայաստանը սկզբում բավականին զգույշ էր, բնականաբար, Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններից ելնելով: Արդյոք երկու տարի անց կարծո՞ւմ եք, որ դա արդար պատերազմ է Ռուսաստանի կողմից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես ասացի, որ մեզ համար շատ կարևոր է Ալմա-Աթայի հռչակագիրը, որոհետև Ալմա-Աթայի հռչակագիրն ինչի՞ մասին է: Ալմա-Աթայի հռչակագիրը երկու առանցքային բանի մասին է: Ընդ որում, Ալմա-Աթայի այդ հռչակագիրը ստորագրել են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Ադրբեջանը: Ընդ որում, Ալամա-Աթայի այդ հռչակագիրը սկսվել է Բելովեժյան համաձայնագրից, որը ստորագրել են Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան: Այդ համաձայնագիրը, որը հետագայում Ալմա-Աթայում Խորհրդային միության նախկին ևս ինը հանրապետություններ միացել են, երկու բանի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և երկրորդը, որ ստորագրած խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հիմա Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբնությամբ, որը նաև մեր անվտանգության համար է շատ կարևոր, մենք տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է, և մեզ, ըստ էության, լրջորեն անհանգստացնում է:

France 24, Մարկ Պերելման - Արդյոք, արևմտյան երկրները Ձեզ պարտադրո՞ւմ են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներին միանալ: Արդյոք Հայաստանից ապրանքներ մտնո՞ւմ են Ռուսաստան, և արդյոք արևմտյան երկրները ճնշում են գործադրում ձեզ վրա, որպեսզի դուք ավելի լայնորեն միանաք պատժամիջոցներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարաբերությունների այդպիսի ռեժիմ՝ միանալ, չմինալու մենք չունենք, բայց մյուս կողմից՝ մենք հաշվի ենք նստում առկա պատժամիջոցների հետ, որովհետև ոչ թե մեզ ճնշում են կամ մեզնից պահանջում, եթե մենք սանկցիաները չպահենք, չպահպանենք, դա կազդի մեր հարաբերությունների վրա այն երկրների հետ, որոնք այդ սանցիաները կիրառում են: Իսկ այդ երկրների հետ հարաբերությունները կարևոր են:

Շատ ուրախ եմ, որ այդ հարցը տալիս եք, որովհետև, մասնավորապես, Եվրամիությունում ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, թե Հայաստանը պատժամիջոցները չի պահպանում, որ Հայաստանը պատժամիջոցների ռեժիմը խախտում է, բայց կարող եմ ասել, որ մենք այս ընթացքում, վերջին անգամ 2023 թվականին մի քանի անգամ պատվիրակություններ ենք ունեցել Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից, որոնց այցելության նպատակը հետևյալն է եղել, թե ինչքանով է Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ իր միջազգային հարաբերություններին և պարտավորություններին, ինչպես է հարաբերվում այդ սանկցիաների հետ: Եվ պետք է արձանագրենք, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր նկատմամբ որևէ վերապահում չեն ներկայացրել: Ընդհակառակը՝ պաշտոնապես արձանագրել են, որ սանկցիաների համատեքստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի վերապահում չունեն:

Բայց, ցավոք, քանի որ սրա մասին շատ չի խոսվում, մենք էլ այդ թեման, այսպես ասած, շատ չենք բարձրաձայնում, որովհետև դա աշխատանքային հարց է, Եվրամիության մի շարք երկրներում և նաև լրատվամիջոցներում թերևս Հայաստանի նկատմամբ գուցե որոշ շրջանակների մատուցած սխալ տեղեկությունների, հակաքարոզչություն և դեզինֆորմացիա տարածելու հիման վրա երբեմն հնչում են հայտարարություններ՝ մեղադրելու Հայաստանին: Բայց նորից եմ ասում՝ պաշտոնապես արձանագրվել է և՛ Եվրամիության, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ Հայաստանին այս հարցում մեղադրելու որևէ հիմք չկա:

France 24, Մարկ Պերելման - Պարոն Փաշինյան՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, շատ շնորհակալ եմ իմ հարցերին պատասխանելու համար: Շնորհակալ եմ ձեզ այս հաղորդմանը հետևելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել