ՀՀ կառավարությանը փետրվարի 29-ի հերթական նիստի ժամանակ որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից փոխանցվող 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։
Ընկերությունը համապատասխան որոշումը կայացրել է Ընկերության ընդհանուր ժողովի՝ փետրվարի 16-ին կայացած նիստի ժամանակ։ Այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Ըստ նախագծի՝ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Որպես նախագծի ընդունման հիմքեր Արայիկ Հարությունյանը նշեց նաև «ՄՏՍ Հայաստան»-ի ունեցած ռազմավարական նշանակությունը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, նույն ոլորտում Հայաստանի ռազմավարական նպատակները, ինչպես նաև ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը։
Ոորոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը սահմանված կարգով կապահովի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումը՝ պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում այս բաժնետոմսերը․ «Այս ռազմավարական ոլորտում ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ կառավարության, մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի։ Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ։ Ես կարծում եմ՝ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների և բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունը ապահովի ընկերությունների կառավարման գործում»։
Նա խոսեց այն մասին նաև, որ բազմիցս քննարկել են՝ պետք է վարել այնպիսի քաղաքականություն, որ ռազմավարական ոլորտի ընկերությունները իրենց բաժնետոմսերի բաց բաժանորդական համակարգ ներդնեն բորսայական համակարգով։
Փաշինյանի խոսքով բաց բաժնետիրացումը նշանակում է 100 % թափանցիկություն, որ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ կարող է բաց աղբյուրներում գտնել այդ ընկերությունների շրջանառությունը, ծախսերը, շահույթը, եկամուտները և այլն, ու այս համակարգը շատ օգնում է նաև հարկային մարմիններին։
«Մենք նաև որոշակի խթաններ նախատեսել ենք, որ այն ընկերությունները, որոնք որոշում են գնալ բաց բաժնետիրացման ճանապարհով, նրանց՝ բորսա հասնելու որոշակի ծախսերի որոշակի մասը նաև սուբսիդավորում ենք»,- ասաց նա՝ նշելով, որ թեմայի հետ առնչությունը անուղղակի է, բայց կարևոր է։
Փաշինյանն ընդգծեց, որ եթե բաց բաժնետիրացման անցնելու հորդորները, խնդրանքները չանցնեն, Կառավարությունը պետք է գնա օրենսդրական մեխանիզմների․ «Ասենք՝ էս ա մեր շուկայում աշխատելու օրենքը․ բաց բաժնետիրական ընկերություն չես՝ ուրեմն՝ ուրիշ կանոններ են գործում քեզ համար։ Թափանցիկության մեր ստանդարտները պետք է դնենք, որովհետև իրավիճակների հետ ենք բախվել և բախվում, որ մեզ համար խնդրահարույց է, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսանկյունից»։
Նա նաև հավելեց, որ կարող են գնալ նաև հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմին, այսինքն՝ ԲԲԸ-ի համար այլ հարկ լինի, ՓԲԸ-ի համար՝ այլ․ «Ընդ որում պետական վերահսկողության որոշակի մեխանիզմներով։ Ես չեմ կարծում՝ մի երկիր կա, որ ասում ա՝ թող օտարերկյա ներդրողներ գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն որպես 100% սեփականություն, և մենք էլ գաղափար չունենանք՝ ինչ է կատարվում էնտեղ»։
Փաշինյանը բացառեց նման երևույթը՝ նշելով, որ եթե կան էլ այդպիսի, ապա այլ օրենսդրական մեխանիզմներ են գործում։
«Ուղիղ ասում եմ մեր հեռահաղորդակցության ոլորտին և այլ ոլորտներին, որոնք հետո կորոշվեն․ եթե X պահի չգնան բաց բաժնետիրացման, ուրեմն՝ ուրիշ հարկեր պետք է տան (եկամտահարկը՝ այլ, շահութահարկը՝ այլ և այլն՝ խմբ․)»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ երկարաժամկետում պետք է բացառել նման ընկերությունների գոյությունը շուկայում։
comment.count (0)