Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցին, որը տեղի է ունեցել երեկ: Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը: Արծվիկ Մինասյանը քննադատել է իշխող խմբակցությանը, որը չէր մասնակցել գաղտնի քվեարկությանը, ինչի արդյունքում Դավիթ Բալայանը չէր ընտրվել։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Բաբկեն Թունյանը: Արձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթին՝ Բաբկեն Թունյանը նշել է, թե երեկ հավանաբար առաջին նախադեպն էր, որ ընդդիմությունն ամբողջ կազմով մասնակցել է ընտրության: Պատգամավորը հստակեցրել է՝ խմբակցությունն օգտվել է իրեն վերապահված իրավունքից, քանի որ համապատասխան օրենքի համաձայն պատգամավորը կարող է ընտրել, չընտրել կամ չմասնակցել ընտրության:
«Շատ կարեւոր կառույցի նախագահի ընտրության հարցն է»,- վերադառնալով քննարկվող հարցին՝ ասել է Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ սա այն կառույցն է, որի հետ կապված խնդիրներն ու հարցերը բազմաթիվ են, քանի որ առնչվում են բոլոր քաղաքացիներին ամենօրյա գործունեության մեջ:
Պատգամավորը տեղեկացրել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արդյունավետ աշխատել է կառույցի հետ, ունեցել բազմաթիվ քննարկումներ:
Եզրափակիչ ելույթում Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:
comment.count (0)