Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան․ Արմեն Գրիգորյան |news.am|
10:16 - 02 մարտի, 2024

Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան․ Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: 2021 թվականից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանից, պայմանագրեր ենք կնքել, բանակի համապարփակ բարեփոխման հայեցակարգ են մշակել ՌԴ-ի հետ, որպեսզի համատեղ իրականացնենք այդ բարեփոխումները, բայց դրա փոխարեն մայիսին, նոյեմբերին Հայաստանի վրա հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ գնված զենքը, և մենք սկսել են նոր գործընկերներ փնտրել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով, որ անվտանգության ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու պահանջը օբյեկտիվորեն է ստեղծվել։

«Ինչպես է ստացվել, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք անվտանգությունը։ Առաջին հերթին, երբ որ 2021-ից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից, պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել Ռուսաստանի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:

Բայց այդ բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով նկատի ունեմ գնված զենքը։ Այդ ամբողջ 250 միլիոնը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել: Հայտնիներից մեկը Հնդկաստանն էր, վերջերս՝ Ֆրանսիան, ԵՄ տարբեր երկրներ, և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել»,- նշեց Գրիգորյանը:

«2020 թվականին Հայաստանի ռազմատեխնիկական ողջ համագործակցության 96 տոկոսը եղել է Ռուսաստանի հետ։ 2021 թվականի հունվարի մինչ օրս մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ, բայց դրանց թվում Ռուսաստանի ծավալը 10%-ից քիչ է։ Ավելին՝ հաճախ հղում է արվում Ուկրաինայի պատերազմին և դրա պատճառով չմատակարարմանը, բայց այդ պայմանագրերը կնքվել են 2021 թվականի սկզբին, զենքն ավելի քան մեկ տարի չի մատակարարվել, ոչ էլ դրանից հետո։ Սա հենց Ռուսաստանի ընտրությունն է եղել՝ մեզ դրել են փաստի առաջ, և մենք ստիպված ենք եղել դիվերսիֆիկացնել մեր գործընկերներին և նորերին փնտրել»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին՝ ինչ պարզաբանում են տվել Ռուսաստանից, երբ նախքան ուկրաինական պատերազմը չի մատակարարվել գնված սպառազինությունը, Արմեն Գրիգորյանն արձագանքել է․ «Ռուսաստանից միտք է հնչել, որ եթե զենք մատակարարեն, ապա Հայաստանի դիրքորոշումները կկոշտանան, այդ պատճառով էլ չեն մատակարարում։ Ցանկացած երկիր, որն ունի այլընտրանքներ, կարող է դիմադրություն ցույց տալ իր շահերին հակասող քայլերի դեմ»։

«Մեր ռազմավարական մեծ սխալն է եղել, որ 1991 թվականից սկսած բոլոր ուղղություններով կախված են եղել Ռուսսաստանից, և երբ Ռուսաստանը հստակ որոշում է կայացրել չօգնել Հայաստանին, և մեր անվտանգության համակարգը փլուզվել է, Հայաստանը սկսել է այլընտրանքներ փնտրել, և այդ ճանապարհին այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում»,- նշել է Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել